Արգենտինայի խորհրդարանը երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով օրենսդիրների աշխատավարձը սառեցրել է
Արգենտինայի խորհրդարանի ստորին եւ վերին պալատների ներկայացուցիչները ուրբաթ որոշում են ստորագրել երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով օրենսդիրների աշխատավարձը կես տարով սառեցնելու մասին: Այս մասին հայտարարել է Պատգամավորների պալատի (ստորին պալատ) խոսնակ Սերխիո Մասսան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Տնտեսական ոլորտում արտակարգ իրադրությունը բոլոր հատվածներից գործողություններ է պահանջում: Այս պատճառով որոշել ենք 180 օրով սառեցնել Պատգամավորների պալատի եւ Սենատի օրենսդիրների աշխատավարձերը եւ գործուղումների վճարումները»,- նշել է նա իր Twitter-յան էջում: Մասսան հաղորդագրությանը կցել է ստորագրված որոշման լուսանկարը:
Արգենտինան արդեն մի քանի տարի չի կարողանում վերականգնել տնտեսական աճի տեմպերը եւ մտնում է ամենաբարձր ինֆլյացիայով երկրների թվի մեջ: Դեկտեմբերի 10-ին նախագահի պաշտոնը ստանձնել էր ձախ ցենտրիստ Ալբերտո Ֆեռնանդեսը: Անցյալ շաբաթ խորհրդարանը հավանություն էր տվել տնտեսական ոլորտում արտակարգ դրության մասին օրինագծին, որը նախատեսում է համալիր միջոցառումների ընդունում, որոնց թվում են կոմունալ ծառայությունների սակագների սառեցումները, մասնավոր անձանց համար արտասահմանյան արժույթի գնման 30-տոկոսանոց հարկի սահմանումը, ինչպես նաեւ արտահանման տուրքերի մեծացումը: