«Այս պահին որեւէ սպառնալիքի մասին խոսք չկա». Ս. Պապիկյանն այցելել է Իրանի դեսպանություն եւ գրառում արել «Սգո մատյանում»
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը գեներալ- հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նահատակության կապակցությամբ բացվել է «Սգո մատյան», որտեղ քիչ առաջ այցլել եւ գրառում է արել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Գրառում անելուց հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց. «ՀՀ կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնել Իրանի կառավարությանը եւ ժողովրդին Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի Ղասեմ Սոլեյմանիի վախճանի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ հետագա լարվածությունը արագ տեղի կտա եւ երկու գործընկեր պետություններն այս հարցում կցուցաբերեն բավականին խորը կամք: Մենք կարեւորում ենք տարածաշրջանային խաղաղությունը: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում միանշանակ է. երկու գործընկերներին կոչ ենք անում նստել բանակցությունների եւ կանխել հետագա լարվածությունը»:
Հարցին, թե ինչպիսի սպառնալիքներ է տեսնում Հայաստանի համար այս իրավիճակում, Պապիկյանն արձագանքեց. «Այս պահին որեւէ սպառնալիքի մասին խոսք չկա: Մնացյալ մեկնաբանությունը, կարծում եմ՝ կտան ԱԳՆ-ն եւ համապատասխան գերատեսչությունները»: