Վորոնեժում հրդեհից հայաստանցի երկու աղջկա մահվան մեջ մեղադրել են մորը
Ստարայա Վեդուգա գյուղում հրդեհից երկու մանկահասակ աղջիկների մահվան մեջ մեղադրվել է նրանց 27-ամյա մայրը։ Կնոջը կդատեն անզգուշության պատճառով մահ պատճառելու համար (ՌԴ Քր.օր. 109 հոդ. 3-րդ մաս), տեղեկացնում է «Վեստի.Վորոնեժը»՝ հղում կատարելով տարածաշրջանի ՔԿ վարչության մամուլի ծառայությանը։ Նրան սպառնում է 4 տարվա ազատազրկում։
Ինչպես պարզել են քննիչները, 2018 թվականի նոյեմբերի 16-ին կինը պառկեցրել է 2 եւ 3 տարեկան դուստրերին քնելու, իսկ ինքը հեռացել է տնից՝ երեխաներին մենակ թողնելով, ու բանալիով փակել է դուռը։ Ընդ որում՝ սենյակում վառարան է եղել պինդ վառելիքով։ Կրակի մոտ աղջիկների մայրը սպիտակեղեն է փռել չորանալու, որն էլ բռնկվել է կրակից։ Երեխաները զոհվել են շմոլ գազի թունավորումից։
Ծնողներն այդ պահին կովերին էին կթում։ Երբ տեսել են ծուխը, վազել են սենյակ, բայց արդեն ուշ էր։
Հայտնի է, որ ընտանիքը Հայաստանից է։ Ռուսաստան եկել են 2018 թվականի ապրիլին եւ վերցվել միգրացիոն հաշվառման։ Սեպտեմբերին ժամանակավոր գրանցման ժամկետն ավարտվել է։ Ծնողներին եւ նրանց փոքրիկներին օթեւանել է համերկրացին Հայաստանից։ Նրանց ֆերմայում էլ աշխատում էին ծնողները։ Նրանք ապրում էին մի սենյակում, որը մի ժամանակ գյուղվարչության կարմիր անկյունն է եղել։ Երբ ցրտերն սկսվել են, սենյակն սկսել են ջեռուցել «բուրժույկայով»։
Քննիչները ապացույցներ են հավաքել, որոնք թույլ են տալիս մորը մեղադրել հանցագործություն կատարելու մեջ, պատմել է Վորոնեժի մարզի Սեմիլուկսկի միջշրջանային քննչական բաժնի ղեկավար Եվգենի Ավերինը։ Մեղադրական եզրակացությունը 27-ամյա կնոջ հանդեպ հաստատվել է, իսկ քրեական գործն ուղարկվել է դատարան։