«Նիկո՛լ ջան, ուզում եմ հավատալ». Նորայր Նորիկյան
Նիկո՛լ ջան, ուզում եմ հավատալ, որ ինքդ անձամբ չես ցանկանում, որ քաղաքակիրթ աշխարհի մոտ այնպիսի ընկալում ձեւավորվի, որ Ադրբեջանն ու Հայաստանը ոչ միայն հարեւան ու հակամարտության մեջ գտնվող երկրներ են, այլեւ ղեկավարվում են մեկ ընտանիքի կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նա, ամսնավորապես, գրել է.
«Նիկո՛լ ջան, ուզում եմ հավատալ…
Ադրբեջանը ղեկավարվում է մեկ ընտանիքի կողմից՝ թե՛ դե յուրե եւ թե՛ դե ֆակտո:
Այդ ընտանիքի ղեկավարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է, կինը՝ Մեհրիբան Ալիեւան, Ադրբեջանի փոխնախագահն է:
Իլհամ Ալիեւը 1997 թվականից հանդիսանում է Ադրբեջանի Օլիմպիական կոմիտեի նախագահը:
Մեհրիբան Ալիեւան Հեյդար Ալիեւի հիմնադրամի նախագահն է։ Նա դիտարկվում է ամենահավանական թեկնածուն, ով կարող է փոխարինել Իլհամ Ալիեւին Ադրբեջանի նախագահի պաշտոնում:
Նրանց ավագ դուստրը՝ Լեյլա Ալիեւան, 2007 թվականից հանդիսանում է Հեյդար Ալիեւի հիմնադրամի Ռուսաստանի մասնաճյուղի ղեկավարը, 2007 թվականից «Baku» ամսագրի հիմնադիրը եւ գլխավոր խմբագիրը, 2011 թվականից` Հեյդար Ալիեւի հիմնադրամի փոխնախագահը:
Նրանց մյուս դուստրը՝ Արզու Ալիեւան, Բաքվի մեդիա կենտրոնի նախագահն է, կինոռեժիսոր, եւ ըստ էության, զբաղվում է կինոարտադրությամբ:
Նրանց որդին՝ Հեյդար Ալիեւ կրտսերը, 2018թ. զորակոչվել էր այդ երկրի զինված ուժեր՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, եւ մեկ տարի անց զորացրվել:
…Նիկո՛լ ջան, ուզում եմ հավատալ, որ ինքդ անձամբ չես ցանկանում, որ քաղաքակիրթ աշխարհի մոտ այնպիսի ընկալում ձեւավորվի, որ Ադրբեջանն ու Հայաստանը ոչ միայն հարեւան ու հակամարտության մեջ գտնվող երկրներ են, այլեւ ղեկավարվում են մեկ ընտանիքի կողմից:
Ես դեմ եմ եւ չեմ ուզում, որ իմ երկիրն այսպիսի ընկալում ունենա դրսից:
Իսկապես հարգանքի արժանի ընտանիք ունես եւ հրաշք զավակներ: Աստված պահապան քո ընտանիքին:
Այո՛, քո ընտանիքի անդամները նույնպես կարող են քեզ ու մեր երկրին օգտակար լինել իրենց կարողությունների սահմաններում, այո՛, իրենք նույնպես իրավունք ունեն ունենալու քաղաքացիական դիրքորոշում եւ այն արտահայտելու հնարավորություն:
Բայց ես վստահ եմ, որ դու քաջ գիտակցում ես, թե ինչի մասին է խոսքը:
Ուզում եմ, որ իմ անկեղծ մտահոգությունը ճիշտ ընկալես եւ շատ արագ փորձես շտկել իրավիճակը…
Իմ խորին համոզմամբ, սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան թե այն հարցը, թե ինչու մինչեւ հիմա որեւէ սերմացու գողացող «ՄՈՒԿ» բռնված չէ…»: