Փետրվարից Լարսի անցակետում կունենանք մեր ներկայացուցիչը. Թեկնածությունն արդեն ներկայացվել է. Դավիթ Անանյան
Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունն արդեն ներկայացվել է կառավարություն: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, հիմա տարբեր գերատեսչությունների կարծիքներն են հավաքում, արդեն ունենք ԱԳՆ-ի տեսակետը. «Կարծում եմ, որ այս ամիս՝ հունվարին, նշանակում կունենանք եւ փետրվարից արդեն Լարսի անցակետում կունենանք մեր ներկայացուցիչը»:
Դավիթ Անանյանը հավելեց, որ գործնականում ռուս գործընկերների հետ որեւէ խնդիր չունեն. «Ուղղակի ամեն դեպքի համար համագործակցության տարբեր մակարդակներում մենք կարողանում ենք մեր գործընկերների հետ աշխատել եւ բոլոր խնդիրները կարգավորել: Առանց ներկայացուցչի, դա ավելի շատ ջանք է պահանջում
Գործնականում եղել են մի քանի դեպքեր, որոնց մենք միջամտել ենք եւ ի պատիվ մեր ռուս գործընկերների, արագ լուծումներ են տրվել դրանց՝ լինի կասկած, որ հերքվել է, լինի ժամկետի խնդիր, կամ փչացող ապրանք: Մենք որեւէ խնդիր չունենք Լարսի անցակետում»,-ասաց ՊԵԿ նախագահը: