Ռիո Դե Ժանեյրոյում կառնավալային սեզոնի բացումը անկարգություններով է ավարտվել
Կիրակի օրը Ռիո Դե Ժանեյրոյում 2020թ․կառնավալային սեզոնի բացումը Կոպագաբանայի շրջանում առանձին անկարգություններով է ավարտվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Կազմակերպիչների գնահատականներով՝ այդ տոնին նախորդող ցույցերին մասնակցել է 300 000 մարդ։
Իրավապահների հետ բախումները սկսվել են տոնակատարության ավարտից մեկ ժամ անց։ Ինչպես գրել է Globo թերթը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանությունը փորձել է ցրել հանգստացողներին։ Ի պատասխան դրա՝ իրավապահների ավտոմեքենաների վրա շշեր են նետել, ինչը վերջիններիս ստիպել է արցունքաբեր գազ օգտագործել։
Կոպագաբանայի լողափին առաջացած խուճապի հետեւանքով մարդիկ սկսել են զանգվածաբար շտապ լքել տոնակատարության վայրը։ Հարակից փողոցներում եւ մետրոյի անցումներում մարդկանց կուտակումներ են առաջացել, հայտնում են ականատեսները։
Կիրակի օրը Ռիո Դե Ժանեյրոյում պաշտոնապես տրվել է կառնավալային սեզոնի մեկնարկը։ Հաջորդ մեկուկես ամսվա ընթացքում ամբողջ քաղաքում տեղի կունենան փողոցային արտիստների եւ երաժիշտների ելույթներ, զանգվածային երթեր եւ զբոսանքներ, որոնց կմասնակցեն քաղաքի բնակիչներն ու հյուրերը։ Երեկոյան ժամերին ավանդաբար կանցկացվեն պարահանդեսներ, դիմակահանդեսներ եւ երեկույթներ։