Պարսից ծոցում անվտանգության Ռուսաստանի հայեցակարգը մնում է սեղանին. Լավրով
Պարսից ծոցում անվտանգության Ռուսաստանի հայեցակարգը նախկինի պես մնում է սեղանին։ Այս մասին չորեքշաբթի ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Ռայսինի երկխոսություն» միջազգային համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօրվա իրավիճակից շատ ավելի պակաս վտանգավոր իրավիճակում մենք տարածաշրջանի երկրներին առաջարկել ենք մտածել անվտանգության հավաքական մեխանիզմների մասին, ինչպես, ասենք, ԵԱՀԿ-ն է Եվրոպայի համար, սկսած վստահության միջոցառումների կառուցումից, միմյանց զորավարժությունների հրավիրելուց։ Մենք այդ մասին խոսել ենք Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների հետ, երեքն անմիջապես համաձայնել են, մյուս երեքն ասացին, որ իրենց ժամանակ է պետք։ Վերջերս մենք նորից առաջարկեցինք այդ գաղափարը»,- հիշեցրել է Լավրովը։
Նրա խոսքով՝ ռուսական առաջարկն ավելի լայն է Իրանի «չհարձակվելու մասին դաշնագիր կնքելու» նախաձեռնությունից, «դա ոչ միան այն մասին է, որ չպատերազմեն, այլեւ նախատեսում է թափանցիկություն եւ համագործակցություն»: Նախարարը նշել է, որ բացի Իրանից եւ ծոցի միապետություններից, պետք է մասնակցեն նաեւ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները, Եվրամիությունը եւ Արաբական պետությունների լիգան:
«Այս գաղափարը շարունակում է սեղանին մնալ: Հույս ունեմ, որ այն կքննարկվի»,- հավելել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն 2019 թվականի հուլիսի 23-ին հայեցակարգ էր ներկայացրել: Այն նախատեսում է նախաձեռնող խմբի ստեղծում Պարսից ծոցի գոտում անվտանգության եւ համագործակցության միջազգային համաժողովի նախապատրաստման համար, ինչը հետագայում թույլ կտա ստեղծել մշտական գործող կազմակերպություն: Դրանից բացի, Մոսկվան առաջարկել է տարածաշրջանում ստեղծել ապառազմականացված գոտիներ, հրաժարվել մշտական ռազմական տեղակայումից այն երկրներից, որոնք Պարսից ծոցի գոտու սահմաններից դուրս են գտնվում, ինչպես նաեւ զինվորականների միջեւ թեժ գծեր հաստատել: