«Ակնկալվում է երկարատեւ ու արդյունավետ համագործակցություն»․էմիրաթական «Թավազուն»-ի տնօրենը՝ Արմեն Սարգսյանին
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է էմիրաթական «Թավազուն» տնտեսական խորհրդի գործադիր տնօրեն Թարեք Աբդուլ Ռահիմ ալ Հոսանի հետ:
«Թավազուն» տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին Աբու Դաբիում եւ գործունեություն է ծավալում հիմնականում ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական լուծումների ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը եւ «Թավազուն»-ի գործադիր տնօրենը շարունակել են իրենց նախկին հանդիպումներին սկսված քննարկումները համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտների եւ խորհրդի պատվիրակության հայաստանյան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ:
Խորհրդի գործադիր տնօրենը նշել է, որ ակնկալում են գործնական, արագ, երկարատեւ ու արդյունավետ համագործակցություն եւ մտադիր են առաջիկայում Երեւանում բացել խորհրդի ներկայացուցչություն:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ նորագույն տեխնոլոգիաների, ստարտափերի, կրթական, գիտահետազոտական ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես, նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացմանը: