Երկրագնդի ամենահարուստ բնակիչների 1 տոկոսը կրկնակի շատ կարողություն ունի, քան 6,9 մլրդ մարդիկ
2019 թվականին 2153 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը ավելի շատ է եղել, քան 4,6 մլրդ մարդկանց կարողությունը միասին, նշված է Oxfam International հիմնադրամի զեկույցում, որը հրապարակվել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի նախօրեին, փոխանցում է РБК-ն:
Զեկույցի հեղինակներն օգտվել են 2019 թվականի մարտին Forbes-ի հրապարակած վարկանիշի տվյալներից: Այդ պահին ամենահարուստ 2153 միլիարդատերերն ունեին 8,7 տրլն դոլար: Իսկ ավելի քան 200 երկրներում տնային տնտեսությունների եկամուտների մակարդակի մասին ամենամյա հաշվետության համաձայն՝ 4,6 մլրդ մարդու ընդհանուր կարողությունը, որոնց թվում միլիարդատերեր չկան, կազմում է ընդամենը 8,2 տրլն դոլար:
Ընդ որում՝ Oxfam-ի տվյալներով Երկրագնդի ամենահարուստ բնակիչների 1 տոկոսը կրկնակի ավելի շատ կարողություն ունի, քան 6,9 մլրդ մարդիկ:
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ այս խզումը պատճառաբանվում է «փչացած եւ սեքսիստական տնտեսական համակարգով», որում «սակավաթիվ արտոնյալների, հիմնականում տղամարդկանց հարստությունը» ավելի բարձր է գնահատվում, քան «խնամքի ամենաանհրաժեշտ աշխատանքի միլիարդից ավելի ժամերը», որը կատարում են հիմնականում կանայք: Այսպիսի աշխատանքի տակ նկատի է առնվում մաքրությունը, կերակուր պատրաստելը, ինչպես նաեւ երեխաների եւ տարեցների խնամքը:
Oxfam-ում իրավիճակի շտկման հնարավոր առաջին քայլ են համարում հարուստների եկամտահարկի պրոգրեսիվ դրույքի սահմանումը եւ հարկային մեղմացումները նրանց համար, որոնք զբաղված են խնամքի չվճարվող աշխատանքով: