Ընթանում են Մոսկվա պաշտոնական այցի կազմակերպման աշխատանքներ. Փաշինյան
Ներկայումս աշխատանքներ են տարվում Մոսկվա վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի կազմակերպման ուղղությամբ: Այս մասին հունվարի 25-ին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց, որ ռուս առաջնորդի հետ հանդիպումներ հաճախ են տեղի ունենում, իսկ անցյալ տարի Երեւան Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել պաշտոնական այցեր փոխանակելու մասին: «Հիմա աշխատում ենք, որ առաջին կիսամյակում կազմակերպվի Մոսկվա իմ պաշտոնական այցը»,- հայտնեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հայ-ռուսական համագործակցության օրակարգն անչափ հագեցած է, ռազմավարական դաշնակցային հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով՝ ԵՏՄ, ԱՊՀ շրջանակներում, երկկողմ մակարդակում, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ է, շատ լրջորեն զարգանում են տնտեսական հարաբերությունները: «Մենք կքննարկենք հարաբերությունների լայն սպեկտր»,- նշեց Փաշինյանը: