Բիլ Գեյթսը 5 մլն դոլար է նվիրաբերել Չինաստանում թոքաբորբի նոր տեսակի դեմ պայքարի համար
Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր բարեգործական հիմնադրամից 5 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պայքարում Չինաստանին աջակցելու համար, հայտնում է «Չայնա դեյլին»:
Պարբերականի տեղեկություններով՝ Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամն այս հարցում ակտիվորեն փոխգործակցում է չինացի գործընկերների՝ մասնավոր եւ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք մասնակցում են թոքաբոբի չեզոքացման գործունեությանը: Հատկացված դրամական միջոցներն օգտագործվելու են ինչպես վարակվածների հայտնաբերման, նրանց կարանտինի մեջ դնելու եւ բուժելու աշխատանքներում, այնպես էլ վիրուսի դեմ պատվաստանյութի արագացված մշակման:
«Մենք խորապես մտահոգված ենք այդ հիվանդության տարածմամբ եւ անկեղծ հարգանք ենք արտահայտում նրանց, ովքեր թոքաբորբի դեմ պայքարի առաջնագծում են»,- հայտարարել է հիմնադրամի չինական բաժանմունքի տնօրեն Լի Ինոն:
Նրա խոսքով՝ բարեգործական կազմակերպությունը նաեւ 5 մլն դոլար կհատկացնի Աֆրիկայի երկրներին աջակցություն ցուցաբերելու համար՝ մայրցամաքում թոքաբորբի նոր տեսակի վերահսկման եւ տարածման ռիսկերը նվազագույնի հասցնելու գործում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով: