Սկսվել է օտարերկրացիների տարահանումը Չինաստանից (տեսանյութ)
Ճապոնիան հունվարի 29-ին երկրներից առաջինն է սկսել իր քաղաքացիների տարահանումը Չինաստանի Ուհան քաղաքից, որը դարձել է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բռնկման էպիկենետրոնը:
Ճապոնիայի իշխանությունների ուղարկած ինքնաթիռը 206 հոգու հասցրել Է Տոկիոյի Հանեդա օդանավակայան:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում ուղեւորների զննումը հիվանդության ախտանիշներ չի հայտնաբերել: Այնուամենայնիվ, բոլոր ուղեւորները լրացուցիչ հետազոտություն կանցնեն: Մոտ ժամանակներս Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Ուհան ուղարկել եւս երկու վարձաչվերթ իրենց քաղաքացիների տարահանման համար:
ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են հայրենիք տարահանել Ուհանում գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին եւ այնտեղ գտնվող սահմանափակ թվով ամերիկացիներին: Ենթադրվում է, որ ԱՄՆ ժամանելուց հետո նրանք բոլորը կուղարկվեն կարանտինի՝ երեք օրից մինչեւ երկու շաբաթ ժամկետով:
Իրենց քաղաքացիների տարահանում կազմակերպելու մտադրության մասին հայտարարել են նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ մի շարք այլ պետությունների իշխանությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: