Բախումների հետեւանքով 8 մարդ է զոհվել. նախագահը հանձնարարել է պատժել մեղավորներին
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարություն է արել՝ կապված Ժամբիլսկի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, հաղորդում է Tengrinews.kz-ը:
«Այսօր գիշերը Ժամբիլսկի շրջանի Կորդայսկի բնակավայրում բախումներ եւ խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի բնակիչների միջեւ: Այդ իրավիճակից փորձել են օգտվել սադրիչները: Ցավոք, կան զոհեր եւ վիրավորներ: Խորին ցավակցություն եմ հայտնում զոհված քաղաքացիների հարազատներին եւ մտերիմներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Այժմ իրավիճակը վերահսկում են ոստիկանությունը եւ Ազգային գվարդիան: Տոկաեւը իրավապահներին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այդ միջադեպի հետեւանքները վերացնելու համար:
Ավելի վաղ երկրի ՆԳ նախարար Եռլան Տուրգումբաեւը հայտնել է, որ Մասանչի գյուղի մոտակայքում մոտ 70 ագրեսիվ տրամադրված բնակիչներ են հավաքվել, որոնց միջեւ խմբակային ծեծկռտուք է սկսվել:
Նրա խոսքով՝ սադրիչներն այդ ամենը նկարահանել են եւ մեսենջերների ու սոցցանցերի միջոցով քաղաքացիներին հակաօրինական գործողությունների կոչեր արել:
«Զանգվածային անկարգությունների ընթացքում մի քանի տասնյակ մարդ հրազենային վիրավորում եւ մարմնական վնասվածքներ է ստացել: Ցավոք, 8 մարդ է զոհվել»,- հայտնել է նախարարը: