Չինաստանում նոր կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 40,1 հազարի
Չինաստանում տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 9-ի 20:00-ի) դրությամբ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 40 171, մահաբեր վախճան է արձանագրվել 908 դեպքում, հաղորդել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 3062-ով, մահաբեր դեպքերինը՝ 97-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 91 մարդ:
Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց է անցնում գրեթե 35 հազար մարդ, 6,5 հազար հիվանդի վիճակը գնահատվում է՝ ծանր: Հիվանդության առկայության կասկածի պատճառով երկրի բուժհիմնարկներում հսկվում է գրեթե 187,5 հազար մարդ. 3,3 հազար հոգի առողջացել է եւ դուրս գրվել: Երկրի մայրցամաքային մասից դուրս՝ Չինաստանի տարածքներում արձանագրվել է նոր թոքաբորբով հիվանդության 64 հաստատված դեպք. 36-ը՝ Հոնկոնգում՝ մեկ մահաբեր վախճանով, 10-ը Մակաոյում, 18-ը՝ Տայվանում:
Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար հատկացվել է ավելի քան 10 միլիարդ դոլար, փետրվարի 9-ին հայտնել Է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ կազմակերպության աշխատակիցների առաջավոր խումբը մեկնել է Չինաստան՝ չինացի գործընկերներին օգնություն ցույց տալու համաճարակի հաղթահարման եւ հիվանդության աղբյուրի հայտնաբերման գործում, հաղորդել է «Ինտերֆաքսը»: