ԵԱ․ Չալյանի երկրորդ հաղթանակը, Մանուկյանը, Հովհաննիսյանն ու Օվասապյանը պարտվեցին մեկնարկում
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պարտվեց մեկնարկում: 1/8 եզրափակիչում վրացի Տորնիկե Ձամաշվիլիի հետ պայքարում Մանուկյանը պարտվեց 1։3 հաշվով: Վրացի ըմբիշը Մաքսիմ Մանուկյանին ոչ մի հնարավորություն չտվեց ավարտին հասցնել նախաձեռնած հնարքները:
Մեկնարկում պարտվեց նաեւ 63 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը: 1/8 եզրափակիչում երիտասարդ ըմբիշը 0:8 հաշվով պարտվեց վրացի Լեւան Կավջարաձեին: Գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ:
Առաջին մրցումային օրը Հայաստանի 5 մասնակիցներից 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը նույնպես մեկնարկային 1/8 եզրափակիչում 0:3 հաշվով պարտություն կրեց Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբահ Սալեհ Շարիաթիից:
77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը մեկնարկել էր վստահ հաղթանակով:
Որակավորման փուլում Չալյանը 11:2 հաշվով հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլաս Կրիստենին: Երկրորդ գոտեմարտում եւս Չալյանը հասավ հաղթանակի՝ 3։1 հաշվով, աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Էլդանիզ Ազիզլին: