«Ուրարտու»-ն ընկերական խաղ կանցկացնի Լիտվայի չեմպիոնի հետ
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ընկերախաղում ուժերը կփորձի Լիտվայի չեմպիոնի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» երկրորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի փետրվարի 13-ին։ Եկատերինբուրգի «Ուրալի» փոխարեն Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ուժերը կչափի Լիտվայի վերջին երեք տարիների չեմպիոն Մարիամպոլեի «Սուդուվայի» հետ։ Հանդիպումը կկայանա Արադիպուի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը: