Բաքվում ազատ են արձակել ԿԸՀ դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին. Կան տուժածներ
ԿԸՀ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվածներին կեսգիշերին ավտոբուսից իջեցրել են քաղաքի ծայրամասում: Այս մասին հայտնում է contact.az-ը:
Ըստ աղբյուրի՝ ձերբակալվելիս ծանր տուժել է «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Արզուլլահ Բուլուդովը: Չնայած ավտոբուսի մեջ նա իրեն վատ էր զգում, ոստիկանները բժիշկ չեն կանչել: Երբ արդեն չափազանց ծանր է եղել, շտապ օգնություն են կանչել: Բժիշկները շտապ հոսպիտալացում են առաջարկել, եւ միայն դրանից հետո են Բուլուդովին տեղափոխել շտապ օգնության մեքենա եւ տարել քաղաքային կլինիկական բժշկական կենտրոն: Նրա մոտ ենթադրաբար կողերի կոտրվածք կա:
Պատգամավորի թեկնածու Ռաբիա Մամեդովան ձեռքերի կոտրվածք ունի: Սակայն քաղաքային կլինիկական կոնտրոնում հրաժարվել են գիպս դնել:
Մյուս տուժածներին հիվանդանոցում հետազոտում են:
Տուժածների թվում է նաեւ լրագրող Այնուր Էլգյունեշը:
Ռաբիա Մամեդովան հեռախոսով Turan-ի թղթակցին ասել է, որ իրենց ավտոբուսով տարել են քաղաքով մեկ: Ավտոբուսի մեջ եղողներին ջուր էին տալիս, եւ դա տեսանկարում: Մամեդովայի խոսքով՝ կոտրված է լրագրող Այնուր Էլգյունեշի գլուխը: ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովն իր հերթին Turan-ին ասել է, որ ակցիան կանխվել է, քանի որ համաձայնեցված չէր:
Նրա պնդմամբ՝ ձերբակալվածների թվում լրագրողներ չկան, այլ կան «ակցիայի մանակիցներ, որոնք որպես լրագրողներ են ներկայացել»:
Ադրբեջանի ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիան նախաձեռնել էր պատգամավորի թեկնածու Ռաբիա Մամեդովան, նա փետրվարի 11-ին նստացույց էր անցկացրել ԿԸՀ շենքի դիմաց: Դեմքով շրջվելով շենքին՝ նա բղավել էր. «Սատանա՛: Պատասխանիր կարուսելների համար», «Դադարեցրեք կեղծումները»: Մի փոքր ավելի ուշ Մամեդովային է միացել «Մուսավաթ» կուսակցությունից պատգամավորի եւս մեկ թեկնածու՝ Էլման Գուլիեւը: ԿԸՀ ներկայացուցիչը դուրս չի եկել նրանց հանդիպելու: