Քանի դեռ ես նախագահ եմ, մեզ մոտ չի լինի «թիվ 1 ծնող» և «թիվ 2 ծնող»․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սատարում է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու միջոցով տեքստում ավանդական ընտանեկան արժեքներն ամրապնդելու աշխատանքային խմբի առաջարկությունը։ Միաժամանակ, նա հավաստիացրել է, որ թույլ չի տա ռուսական օրենսդրության մեջ հոր եւ մոր փոխարեն հայտնվեն «թիվ մեկ ծնող» եւ «թիվ երկու ծնող» արտահայտությունները, հայտնում է «РГ»-ն։
Մեկնաբանելով Պետդումայի պատգամավոր Օլգա Բատալինայի ելույթը՝ նա կասկած է հայտնել «ընտանիքը տղամարդու եւ կնոջ միություն է» ձեւակերպման կոռեկտության առնչությամբ։
Պուտինը կարծում է, որ «պետք է հստակեցնել որորշ բաներ»։ «Ամուսնությունը տղամարդու եւ կնոջ միություն է, ընտանիքը մի քիչ այլ բան է,- նշել է նա,- սակայն գաղափարն ինքնին ճիշտ է եւ պետք է աջակցություն ստանա, միայն թե պետք է մտածել, թե ինչ ձեւակերպումներով եւ որտեղ անել դա»։
«Իսկ ինչ վերաբերում է «թիվ մեկ ծնող» եւ «թիվ երկու ծնող»-ին, ես արդեն հրապարակայնորեն ասել եմ, որ քանի դեռ ես նախագահ եմ, մեզ մոտ չի լինի «թիվ մեկ ծնող» եւ «թիվ երկու ծնող», մեզ մոտ կլինի հայրիկ եւ մայրիկ»,- ամփոփել է Վլադիմիր Պուտինը։