Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջերը եւ առաջարկել իրենց ծառայությունը (ֆոտո)
Հաքերների OurMine խումբը կոտրել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» պաշտոնական թվիթերյան էջերը՝ իսպաներեն, կատալոներեն, արաբերեն, անգլերեն, նաեւ ֆուտբոլի, ֆուտզալի, բասկետբոլի, հանդբոլի եւ կանանց հոկեյի։
Շուտով այդ էջերում հայտնվել է հետեւյալ բովանդակությամբ հաղորդագրություն․
«Բարեւ ձեզ, մենք OurMine-ն ենք։ Ձեր անվտանգության մակարդակը լավն է, բայց լավագույնը չէ։ Անվտանգության բարձրացման համար դիմեք [email protected]ին, անվտանգության ծառայության համար՝ ourmine.org-ին»։
Այնուհետեւ հաքերները հայտնել են, որ կարդացել են «Բարսելոնայի» ղեկավարության նամակագրությունը եւ նշել առաջիկայում ֆրանսիական ՊՍԺ-ից բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին։
Մի քանի ժամ անց «Բարսելոնան» կարողացել է վերականգնել վերահսկողությունը սեփական էջերի նկատմամբ։ Ակումբը պաշտոնական հայտարարությունով հաստատել է, որ «Թվեթերում ակումբի էջերը ենթարկվել են հարձակման եւ խոստացել ապագայում բացառել նման միջադեպերը»։
Հաքերների OurMine խումբը Թվիթերում փետրվարի 15-ին կոտրել է նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի Olympics եւ IOC Media էջերը, Օլիմպիական խաղերի էջը, ամերիկյան Ազգային ֆուտբոլային լիգայի 15 ակումբների էջերը։