«Ալաշկերտի» մակեդոնացի նորեկը (ֆոտո)
Երեւանի «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել մակեդոնացի կենտրոնական պաշտպան Ռիստո Միտրևսկու հետ։ 28-ամյա ֆուտբոլիստը եվրոպական ակումբներում հանդես գալու հարուստ փորձ ունի, գրում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:
Բարձրահասակ պաշտպանը հանդես է եկել մակեդոնական մի շարք ակումբներում, սերբական «Դենի Սրեմում», խորվաթական «Իստրայում», Իսրայելի Հայֆա քաղաքը ներկայացնող «Հապոելում»։ Միտրեւսկու նախորդ ակումբը Կիպրոսի «Էնոսիսն» էր, որտեղ Ռիստոն Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի թիմակիցն էր: Նախկինում Միտրևսկին ներկայացրել է նաեւ Մակեդոնիայի Մ-19 և Մ-21 հավաքականները:
Ռիստո Միտրևսկին միացել է «Ալաշկերտին» բելեկյան հավաքի ընթացքում, մասնակցել է նախօրեին տեղի ունեցած «Ուրարտուի» հետ ստուգողական հանդիպմանը: «Ալաշկերտը» հաղթել էր 2։0 հաշվով։