Ամերիկուհին մտցրել էր իր զուգընկերոջը ճամպրուկի մեջ պահմտոցի խաղալիս. առավոտյան հայտնաբերվել էր տղամարդու դին
Ֆլորիդայում կինը ձերբակալվել է, երբ նրա զուգընկերոջը հայտնաբերել են ճամպրուկի մեջ մահացած վիճակում, գրում է Insider-ը:
42-ամյա Սառա Բունը պնդում էր, որ Խորխե Թորեսի մահը պահմտոցի խաղալու անհաջող հետեւանք էր: Սակայն ոստիկանությունը որոշել էր ձերբակալել նրան՝ կնոջ հեռախոսում հայտնաբերելով երկու տեսանյութ, որոնցում Բունը ծաղրում էր Թորեսին, երբ նա փորձում էր դուրս գալ ճամպրուկից:
Կնոջ խոսքով՝ նա իր ընկերոջ հետ անցկացրել են երեկոն գինի խմելով եւ գլուխկոտրուկներ լուծելով: Այնուհետեւ նրանք սկսել էին պահմտոցի խաղալ եւ որոշել, որ զվարճալի կլինի, եթե Թորեսին մտցնեն կապույտ ճամպրուկի մեջ:
Ի սկզբանե Բունը պնդում էր, որ ճամպրուկը կիսով չափ էր փակել, այնուհետեւ գնացել քնելու՝ ենթադրելով, որ Թորեսին ինքն էր դուրս եկել ճամպրուկից եւ ավելի ուշ գնացել նրա մոտ ննջարան:
Առավոտյան արթնանալիս նա չէր տեսել զուգընկերոջը: Երբ կինը բացել էր ճամպրուկը, Թորեսը չէր պատասխանել եւ այլեւս չէր շնչում: Թորեսի մարմնի վրա հայտնաբերվել էին կապտուկներ:
Կնոջ հեռախոսում հայտնաբերված տեսանյութում Թորեսը բղավում էր նրա անունն ու փորձում դուրս գալ ճամպրուկից, քանի դեռ կինը ծիծաղում էր: «Այո՛, դա այն է, ինչ դու ես անում, երբ խեղդում ես ինձ: Ես հենց դա եմ զգում, երբ դու դավաճանում ես ինձ»,-ասում էր կինը:
Բունը պատմել է, որ չի կարող ասել՝ ինչու էր գնացել քնելու առանց զուգընկերոջը ճամպրուկից ազատ արձակելու: