«5-աստղանի կարանտին». միջազգային մամուլին հետաքրքրել է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդը
Համաշխարհային մամուլն ապշել է Հայաստանի իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներից: Ռուսական և թուրքական լրատվամիջոցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում ՀՀ 32 քաղաքացիներին մեկուսացնելն անվանել են «5 աստղանի կարանտին»
Russia Today և NTV լրատվամիջոցները գրել են, որ մինչ աշխարհի տասնյակ երկրներում կորոնավիրուսի վարակով կասկածվող անձանց նույնիսկ բռնության են ենթարկում, Հայաստանի Հանրապետության իշխանությունը կասկածվող 32 քաղաքացու մեկուսացրել է 5-աստղանի հյուրանոցում: Լրատվամիջոցները նշել են, որ հյուրանոցը, որտեղ տեղակայվել են կորոնավիրուսի կասկածով 32 անձինք, գտնվում է Երևանից 50կմ հեռու, ծովի մակարդակից 2100մ բարձրության վրա, ունի օլիմպիական լողավազան և, նույնիսկ` խաղատուն:
Թուրքական NTV-ն գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են հատուկ հանդերձանք կրող մարդիկ սնունդ բաժանում հյուրանոցի լյուքս համարներում մեկուսացված անձանց:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ: Այս պահին թեստավորվել է ևս 9 հոգի և այժմ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովում սպասում են դրանց պատասխաններին: