Մինչեւ այսօրվա ավարտը հայ-վրացական սահմանին գտնվող բեռնատարները կանցնեն սահմանը. Նրանց թիվը 20-30 է. Տիգրան Խաչատրյան
Իրանից եկած բեռնատարները, որոնք գտնվում են հայ վրացական սահմանին, պետք է ախտահանում իրականացվի, որ կարողանան շարժվել եւ հասնել Լարսի անցակետ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Վրացական կողմն այսօր աշխատանքներ է տանում, միաժամանակ երկու անցակետ են սպասարկում, մինչեւ այսօրվա ավարտը այդ մեքենաների անցումն ապահովված կլինի: Հավաքված մեքենաների քանակն այնքան չէ, որքան նախնական տեղեկությունն էր: Դրանց մի մասը, հավանաբար, տեղեկանալով, որ փակ է նաեւ մեր հարավային սահմանը եւ որոշակի արտադրանքի պահանջարկ կլինի նաեւ մեր ներքին շուկայում, որոշել են, որ չեն շարունակելու ճանապարհը: Մեր տեղեկություններով դրանք մոտ 20-30 մեքենաներ են, որ զննում կանցնեն եւ կուղղվեն դեպի Լարս»,-ասաց նախարարը:
Իր հերթին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ երկխոսություն է ձեւավորվել Իրանի հետ. «Տարբեր մակարդակներով սկսել են աշխատանքները, որ մենք մեր հարեւան Իրանի հետ կարողանանք հակազդել այս համաճարակին: Այդ երկխոսության մեջ կկարողանանք մանրամասնել, թե ինչպես միասնաբար կարող ենք աշխատել այդ ուղղությամբ»: