Իրանցի դիվանագետը մահացել է կորոնավիրուսից
Իրանցի դիվանագետ եւ խորհրդարանի նախկին պատգամավոր Հոսեյն Շեյխոլեսլամը մահացել է հինգշաբթի` մարտի 5-ին, 68 տարեկանում SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի հետեւանքով առաջացած թոքաբորբից, հայտնում է «Իզվեստիա»` վկայակոչելով IFP News-ը:
Նա տարբեր ժամանակներում զբաղեցրել է Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնը եւ եղել է երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զավադ Զարիֆի խորհրդականը:
Մարտի 2-ին կորոնավիրուսը դարձել էր Նպատակահարմարության խորհրդի անդամ (Իրանի գերագույն առաջնորդին կից խորհրդակցական մարմին) Մոհամադ Միրմոհամադիի մահվան պատճառը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` մարտի 4-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակվել է 2992 մարդ, մահացել է 92 բնակիչ, 552 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից: