Իտալիայի գյուղում ծորակից ջրի փոխարեն գինի է հոսել
Իտալիայի հյուսիսում Սետեկանի փոքրիկ գյուղի բնակիչները դարձել են արտասովոր երեւույթի վկաները: Ծորակից ջրի փոխարեն հոսել է կարմիր փրփրուն գինի:
Պարզվել է, որ ոչ մի հրաշք տեղի չի ունեցել: Պարզապես մոտակա գինեգործարանում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով գինին հայտնվել է ջրատար խողովակներում եւ այնուհետեւ մերձակայքում բնակվող մարդկանց տներում:
Հաջողակներից մի քանիսը հասցրել էին շշերում լցնել ծորակից հոսող գինին եւ նկարահանել կատարվածը, գրում է Telegraph-ը:
Տեղեկանալով վթարի մասին՝ տեղական իշխանությունները հնարավորինս կարճ ժամկետում շտկել են արտահոսքի պատճառները եւ ներողություն խնդրել բնակիչներից: Սակայն նրանց մեծ մասը «վրդովվել» է, որ պաշտոնյաները շատ արագ են լուծել խնդիրը: