Ղազախստանի նախագահը չեղյալ է հայտարարել Հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար չեղյալ է հայտարարել Նուր Սուլթանում Հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթը, ինչպես նաեւ Նաուրիզի տոնակատարության միջոցառումները: Հինգշաբթի իր Facebook-յան էջում այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիք Ուալին:
«Կորոնավիրուսի տարածում թույլ չտալու միջոցառումների շրջանակում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը որոշում է ընդունել Նաուրիզի տոնակատարության հանրային միջոցառումները, ինչպես նաեւ Ղազախստանի մայրաքաղաքում Հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթը չեղյալ հայտարարելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով՝ պետության ղեկավարը նաեւ հանձնարարել է հետաձգել ավելի վաղ ծրագրված միջազգային համաժողովները: «Միաժամանակ, փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունները աշխատանքը պետք է շարունակեն: Կասիմ-Ժոմարտ Կամելեւիչը նշել է, որ սահմանափակող միջոցառումները չպետք է վնաս հասցնեն դրանց գործունեությանը: Խոշոր ձեռնրակությունները եւս կշարունակեն անխափան աշխատել»,- նշել է Ուալին: