Վրաստանի Ազգային բանկը լարին կարանտինի մեջ կդնի
Վրաստանի ազգային բանկը (ՎԱԲ) 2 շաբաթով կարանտինի մեջ կպահի լարիի թղթադրամները, որպեսզի թույլ չտա դրանց միջոցով նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցումը: Այս մասին նշված է երեկ տարածված կարգավորողի հայտարարության մեջ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
ՎԱԲ-ից պարզաբանել են, որ իրենց ստացած փողը 14 օրով շրջանառությունից կհանվի: «Դրանք դրամարկղային կենտրոնում 14 օր առանձին կպահվեն, հատուկ հատկացված տեղում: Այդ փողը բաց կթողնվի միայն նշված ժամկետը լրանալուց հետո»,- նշված է հայտարարության մեջ:
Վրաստանի Ազգային բանկը զուգահեռ սկսել է իր բոլոր դրամարկղային կենտրոնների ախտահանում կատարել: Այս միջոցառումները շարունակվելու են մինչեւ ապրիլի 1-ը:
ՎԱԲ-ի կոլեկցիոն արտադրանքը հնարավոր կլինի ձեռք բերել միայն առցանց խանութից: Կարգավորողի ենթակայության տակ գտնվող Քվարելիի Փողի թանգարանը մինչեւ ապրիլի 1-ը այցելուների համար փակ է լինելու:
«Ելնելով այն հանագամանքից, որ ցանկացած իր, այդ թվում՝ փողը կարող է բակտերիաների եւ վիրուսների փոխանցող լինել, Վրաստանի Ազգային բանկը բնակչությանը կոչ է անում կանխիկ փող օգտագործելիս հետեւել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիգիենայի հրահանգներին»,- նշված է հայտարարության մեջ:
ՎԱԲ-ն կոչ է անում թղթադրամների եւ մետաղադրամների հետ շփվելուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ: Հակառակ դեպքում անթույլատրելի է դեմքին եւ սննդամթերքին հպվելը:
Դրանից բացի, քաղաքացիներին խնդրում են հնարավորության դեպքում օգտվել անկանխիկ, առանց շփման եւ բջջային վճարումներից, ինչպես նաեւ ընտրել հեռավորությամբ մատուցվող բանկային սպասարկումը:
ՎԱԲ-ից պարզաբանել են, որ վաճառքի կետերում տերմինալների մակերեւույթը պարբերաբար ախտահանվում է: