Խնդրում ենք ուղարկել մեզ Ռուսաստան. բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց
«ՌԴ դեսպանատանից ոչ ոք չի ուզում դուրս գալ ու պատասխան տալ ժողովրդին: Մենք Ռուսաստանի քաղաքացիներ ենք, ընտանիք, բիզնես ունենք այնտեղ, սակայն չենք կարողանում գնալ ՌԴ ինչ-որ պաշտոնյայի կայացրած որոշման պատճառով: Ինչո՞ւ են ռուսաստանցիների հետ նման կերպ վարվում, միայն խնդրում ենք ուղարկել մեզ: Այսօր հայտարարություն ստացանք, որ Փաշինյանն իր քաղաքացիներին ապրիլի 6-ին Հայաստան է բերում, իսկ Ռուսաստանը այստեղ է թողնում իր քաղաքացիներին, այսինքն հակաժողովրդավարակա՞ն է Ռուսաստանը, մենք վտանգավո՞ր ենք երկրի համար»,- ասում են Հայաստանից ՌԴ չեղարկված թռիչքից տուժած քաղաքացիները, որոնք այսօր՝ ապրիլի 4-ին, բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան դիմաց:
Նրանց խոսքով՝ շուրջ 200 քաղաքացիներ կանգնած են նույն խնդրի առաջ, որոնց ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ գումարները վերադարձնելու հետ կապված պատասխանատվություն չեն կրում իրենք։
Բողոքող քաղաքացիներից մեկն էլ նշում է, որ երեկ պլանավորած թռիչքը տեղի չի ունեցել և իրենց պահանջն է, որպեսզի այդ որոշումը կայացնողը պատասխանատվություն վերցնի կատարվածի համար:
Հիշեցնենք, որ երեկ քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել «Զվարթնոց» օդանավակայանում, քանի որ նրանց թռիքչը չէր կայացել: