Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հարսնացուն կորոնավիրուսի ախտանիշներով ինքնամեկուսացվել է
Մեծ Բրիտանիայի Վարչապետ Բորիս Ջոնսոնի հղի հարսնացուն՝ Քերի Սայմոնդսը, հայտարարել է, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ տանն է կորոնավիրուսի ախտանիշներով:
«Անցած շաբաթը ես անկողնում անցկացրեցի կորոնավիրուսի հիմնական ախտանիշներով: Ես կարիք չունեի թեստ հանձնելու, յոթ օր հանգստանալուց հետո ես ինձ արդեն լավ եմ զգում և ապաքինվում եմ», - գրել է Սայմոնդսը Թվիթերում:
Նա ավելացրել է, որ բնականաբար խիստ մտահոգիչ է հղի վիճակում COVID-19֊ով վարակվելը: Ինքը՝ Բրիտանիայի վարչապետը, արդեն մեկ շաբաթ է, ինչ ինքնամեկուսացվել է կորոնավիրուսով վարակվելու պատճառով:
Ավելի վաղ 55-ամյա Ջոնսոնը և նրա 31-ամյա հարսնացուն՝ Քերի Սայմոնդսը, հայտարարել էին, որ ծնողներ կդառնան ամռան սկզբին: Սայմոնդսը Ինստագրամում հայտնել էր, որ նշանադրությունը տեղի է ունեցել անցած տարվա վերջին:
Ջոնսոնը և Սայմոնդսը առաջին արտամուսնական կապերով կապված զույգն են Դաունինգ Սթրիթում, և Սայմոնսը Բրիտանիայի վարչապետերի զուգընկերուհիներից ամենաերիտասարդն է ողջ պատմության ընթացքում։ Սայմոնդսի հետ հարաբերություններն էին հիմնական պատճառը, որ Բորիս Ջոնսոնը ամուսնալուծվեց Մարինա Ուիլերից, որի հետ նրանք ունեն չորս երեխա: