Չկա որևէ մեկը, որ կարող է ասել, թե ինձ երբևէ գումար է տվել․ Արմեն Ամիրյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին
ՀՀ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն այսօր ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավարոպես նշված էր, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ»:
Ամիրյանի գրառումը՝ ստորև․
«Փաստորեն ՀՀ քննչական կոմիտեն լսելով մեկ, կամ գուցե մի քանի բանսարկուի, կարող է քրեական գործ հարուցել և հետն էլ հրապարակային շեփորահարել, թե տեսեք -տեսեք նախկին նախարարը յուրացում է կատարել։
Ո՞վ է ինձ գումար տվել,այդ ու՞մ միջոցով եմ ստացել ձեր նշած գումարը։ Չկա որևէ մեկը, որ կարող է ասել, որ ինձ՝ Արմեն Ամիրյանին երբևէ գումար է տվել։
Անամոթաբար ցեխ են շպրտում մարդու վրա, թե գողացել ես, յուրացրել ես, իսկ դուք՝ քննչական կոմիտեի հարգելի քննիչներ, ձեր կենսագրության մեջ ևս մեկ իբր «բացահայտում» եք ավելացնում։
Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող։ Կեղծ մատնությամբ, ստով և կեղծիքով լցոնված բանսարկուներին խորհուրդ կտամ օգտվել առիթից և ապաշխարելով մաքրվել։ Դեռ ուշ չէ»։