Տարերային պետական կառավարում, ապաշնորհ կադրային քաղաքականություն, ընտրովի արդարադատություն․ պետական համակարգի գերակշռող մեծամասնությունում թերացումների, սխալների պակաս չկա․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պետական կառավարման համակարգային թերացումներին և մասնավորապես քաղավիացիայի շուրջ վերջին զարգացումներին։ Նա նշել է, որ Ավիացիայի շուրջ վերջին զարգացումներն ամենևին էլ արտառոց չեն, պարզապես Տաթևիկ Ռևազյանի բախտը չբերեց և առաջինը անկախ դիտորդն իր ղեկավարած կառույցը գնահատեց։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Ավիացիայի շուրջ վերջին զարգացումներն ամենևին էլ արտառոց չեն: Պարզապես Տաթևիկի բախտը չբերեց և առաջինը անկախ դիտորդն իր ղեկավարած կառույցը գնահատեց:
Պետական համակարգին ծանոթ եմ ներսից ու բավականաչափ խորը: Այդ խորությունն էլ հնարավորություն է տալիս արտաքին զննմամբ նկատել բազմաթիվ խնդիրներ: Հենց այդ զննությունս էլ փաստում է, որ պետական համակարգի գերակշռող մեծամասնությունում խնդիրների, թերացումների, սխալների պակաս չկա: Պարզապես դեռևս մնացածի նկատմամբ արտաքին անկախ դիտորդություն չի կատարվել:
Այդ դիտորդությունը վաղ թե ուշ լինելու է բոլոր մարմիններում, որն էլ փաստելու է, որ մնացածի հետ համեմատության մեջ ավիացիայում խնդիրներն այնքան էլ ծանր չեն:
Նախարարությունների մեծամասնությունը, իրավապահ մարմինները, սոցիալական ծառայությունները, առողջապահությունը և բազմաթիվ այլ ոլորտներ...
Տարերային պետական կառավարում, ապաշնորհ կադրային քաղաքականություն, ամենօրյա ռեժիմում ընտրովի արդարադատություն, երկակի ստանդարտների կիրառում:
Հաճախ նաև սուր արտահայտված դիլետանտություն:
Վերջին օրերին ինձ հաճախ են հարցնում, թե ինչու որոշեցի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:
Պատճառն ու առիթը գործող իշխանությունն է:
Նպատակը` հասնել իրական հեղափոխության, որը կլինի արժեքային փոփոխություն և որից հետո կունենանք իրական նվիրյալներից կազմված հանրային ծառայողներ»: