ՀՀ-ում այլևս բանկային գաղտնիք չկա, իշխանությունն անգիր գիտի՝ ով ինչքան գումար ունի բանկերում, ով է ներդրում անելու Հայաստանում. Էդմոն Մարուքյան
Հայաստանում, կարելի է ասել, այլևս բանկային գաղտնիք չկա: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծին:
«Իշխանությունն անգիր գիտի՝ ով ինչքան գումար ունի բանկերում, ով է ներդրում անելու Հայաստանում»,-ասաց նա: Նա անդրադարձավ կառավարության հետ հարց ու պատասխաններից մեկի ժամանակ վարչապետի պատասխանին՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: Նա մասնավորապես հարց բարձրացրեց, թե որտեղից գիտի վարչապետը, թե Տիգրան Ուրիխանյանի շրջապատում ով ավանդ ունի: Դահլիճում արձագանքեցին, թե թերթերում են գրել, իսկ Մարուքյանն ասաց.«Ո՞ր թերթում են գրել, կարող է՞ «Հայկակական ժամանակ»-ում են գրել»:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս նախաձեռնությունը վատ տեղ է տանում: «Այս ճանապարհով մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու, ներդրումներ չենք ունենալու, վտանգի տակ ենք դնելու ներդրումային միջավայրը»,-ասաց նա:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին հասանելիություն տրամադրել բաժնետոմսերի և դրանց սեփականտերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիայի: