Այնքան շահարկումներ են եղել պատերազմի հետ կապված. եթե իրականություն է՝ կոնկրետ մարդիկ պետք է դատվեն. Մարուքյան
Ապրիլյան պատերազմի ժամանակ եւ դրանից 4 տարի հետո ինչ հայտարարություն ասես, որ չի եղել՝ տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով էին կռվում, ուտելիք չունեին, բայց Անդրանիկ Քոչարյանն իր հարցազրույցում ասաց, որ նման փաստեր չեն արձանագրվել եւ, եթե խորհրդարանին նման եզրակացություն գա, դուրս է գալիս, որ այսքան տարի շահարկվել է ապրիլյան պատերազմի կոնկրետ այդ հանգամանքները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, եթե հանձնաժողովը դավադիր պատերազմի մասին, որեւէ փաստարկներ չունենա, այս հանձնաժողովի աշխատանքների ավարտով՝ այդ էջը փակվելո՞ւ է։
«Մնացած մասով, եթե թերություններ եղել են, պետք է դասեր քաղենք, որ ապագայում մեր հայրենիքի վրա նմանատիպ հարձակումներին ավելի պատրաստ լինենք»,– ասաց պատգամավորը։
Լրագրողի հարցին՝ հանձնաժողովի աշխատանքն արդարացվա՞ծ է, Մարուքյանը պատասխանեց. «Միանշանակ արդարացված է, որովհետեւ այնքան շահարկումներ են եղել պատերազմի հետ կապված. մենք ինչո՞ւ ենք կողմ եղել հանձնաժողովի ստեղծմանը, որ վերջին հաշվով տեսնենք դա շահարկո՞ւմ է, թե՞ իրականություն, եթե իրականություն է, ապա կոնկրետ մարդիկ պետք է դատվեն, եթե իրականություն չի, շահարկում է, ապա շահարկողները պետք է պատասխան տան, որովհետեւ բանակի անվան հետ են խաղացել»։