Կամաց-կամաց առաջին պլան է գալիս «Որ մահն է նախընտրելի՝ համաճարակի՞ց, թե՞ սովից» հարցը. Արա Գալոյան
«Համավարակը՝ որպես բաժակաճառ և կանխատեսում»: «Համաշխարհային տնտեսական տեղեկատվությունը երբեք այսքան միագիծ չի եղել: Թե՛ պարզ լուրերը, թե՛ վերլուծությունները նույն թեմայի մասին են՝ համավարակի: Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական լրատվությունը՝ նույնպես: Բայց դրանք բովանդակային առումով տարբեր են: Մեր և ադրբեջանական լրատվությունն արևելյան բաժակաճառ են հիշեցնում, ուր երկար-բարակ խոսվում է հարազատ իշխանությունների խոհեմության, համավարակի դեմ շուտափույթ հաղթանակի, բիզնեսին և սոցիալական խոցելի խավերին հնարավորինս անչափ տրամադրվող օգնություն-աջակցության մասին: Վրացական մամուլում համավարակի դեմ պայքարի հերթական կոշտ քայլերի և միջազգային ֆինանսական կազմակերպություններից (ինչպես նաև եվրակառույցներից) ստացվող ֆինանսական աջակցության լուրեր են: Թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային վերլուծությունների թեման հետևյալն է «Ի՞նչ քանակական ու որակական կորուստներ կունենա համաշխարհային տնտեսությունը»: Կանխատեսումները հստակությամբ չեն փայլում: Մեղմ ասած: Առևտրի միջազգային կազմակերպությունը, օրինակ, կանխատեսում է, որ համաշխարհային առևտրի ծավալն այս տարի կկրճատվի 13-32 տոկոսով: Անկումային տրամադրությունները խորացրին այն լուրերը, որ գործազրկության նպաստի համար ԱՄՆ-ում արդեն 22 մլն մարդ է հերթագրվել: Որ գործազրկության կանխատեսումները Ռուսաստանում կկազմի մոտ 15 մլն մարդ: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարեց, որ իր փորձագետների հաշվարկով 194 երկրներից 157-ի տնտեսությունը կկրճատվի: Այս հաշվետվություն-կանխատեսմանը զուգահեռ հրապարակվեց լուրն այն մասին, որ տարեկան հաշվարկով Չինաստանի տնտեսությունը 6.8 տոկոս անկում է ունեցել համավարակի առաջին եռամսյակի տվյալներով: Խոսքը երկրագնդի երկրորդ տնտեսության մասին է, որ 1990-ականներից երկնիշ թվով էր աճում: Իսկ BBC-ին սեփական դարդը թողած հաշվարկում է, որ ԱՄՆ-ի համար սա ամենամեծ անկումն է Մեծ ճգնաժամից հետո: ԱՄՀ-ի փորձագետների հաշվարկներով ՀՆԱ-ի անկումն ԱՄՆ-ում այս տարի կազմելու է 5.9 տոկոս: Ըստ նրանց՝ ամենաշատ տուժող երկրների ցուցակում առաջինը Վենեսուելան է՝ 15 տոկոս, ապա Լիբանանը՝ 12 տոկոս, Հունաստանը՝ 10: Խորվաթիայի և Մոնտենեգրոյի համար 9-ական տոկոս կրճատում են նախատեսում: Ուկրաինայի համար՝ 7.7: Վրաստանի համար՝ 7.5 տոկոս: