20 ամսում ԿԳՄՍՆ-ում վճարված պարգևավճարների հանրագումարը 1.318.000 դոլար է. Yerkir.am
Տարեկան շուրջ 456.208.974 դրամ կամ ավելի քան 955.000 դոլար պարգևավճար (ամսական՝ 80.000 դոլար) մսխող Արայիկ Հարությունյանի հիմնարկը իր գործունեությամբ աչքի է ընկել միայն հակազգային, հակամշակութային, հակապետական և քայքայիչ մի շարք «նորարարություններով», որոնք գիտակից հանրության շրջանում տեղիք տվեցին լրջագույն հուզումների։ Այս մասին գրել է yerkir.am-ը։
Կայքը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այդ թվում՝ մինչև վերակազմավորումը:
«Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ 09.05.2018 – 31.12.2018 թթ. ՀՀ ԿԳ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների ընդհանուր աշխատավարձի ֆոնդը միասին կազմել է 1.500.590.900 դրամ, որից պարգևավճարները՝ 49.981.380 դրամ («Պարգևատրումներ, դրամական խրախուսումենր և հատուկ վճարներ» հոդված), 122.905.900 դրամ («Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգրատրում» հոդված)։ Այսպիսով՝ 2018 թ. շուրջ 8 ամիսներին ԿԳՄՍ-ի իրավանախորդ երեք նախարարությունների աշխատակիցներին միասին տրվել է 172.887.280 դրամ կամ ավելի քան 360.000 դոլար», գրել է աղբյուրը։
2019 թ. ԿԳՄՍՆ-ի ընդհանուր աշխատավարձի ֆոնդն, ըստ yerkir.am-ի, կազմել է 1.754.225.600 դրամ, որից պարգևավճարները՝ 284.902.700 («Պարգևատրումներ, դրամական խրախուսումենր և հատուկ վճարներ» հոդված), 95.819.100 («Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգրատրում» հոդված), 75.487.174 («Աշխատողի աշխատավարձեր և հավելավճարներ» հոդված)։ Այսպիսով՝ 2019 թ. 12 ամիսներին նորաստեղծ ԿԳՄՍ-ի աշխատակիցներին միասին տրվել է 456.208.974 դրամ կամ ավելի քան 955.000 դոլար, որն ամսական կտրվածքով կազմում է շուրջ 80.000 դոլար:
«Այսպիսով՝ 20 ամիսների համար ԿԳՄՍՆ-ում վճարված պարգևավճարների հանրագումարային թիվը կազմում է 629.096.254 դրամ կամ շուրջ 1.318.000 դոլար:
ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի աշխատողների առավելագույն թիվը համեմատաբար այնքան էլ մեծ չէ՝ 357:
Անգամ պարգևավճարների հարցում շռայլությամբ աչքի ընկած ՀՀ արտգործնախարարության պարագայում՝ 2019 թ. այն կազմել է 325,192,100 դրամ՝ ԿԳՄՍՆ-ի նույն 2019 թ. ընթացքում վճարած 456.208.974 դրամի դիմաց։ Փաստենք նաև, որ ԱԳՆ-ի աշխատակիցների թիվը 768 է՝ ԿԳՄՍՆ-ի (357) համեմատ կրկնակիից շատ ավելին։ Աշխատակիցների այդչափ տարբերության պայմաններում անգամ ԱԳՆ-ի աշխատակիցների ստացած պարգևավճարների 20 ամիսների ընդհանուր գումարը (424.882.253 դրամ) չի գերազանցում ԿԳՄՍՆ-ի՝ 12 ամիսների համար տրված պարգճավճարների թվին (456.208.974 դրամ):
Թվով ԱԳՆ-ին մոտ, իսկ ԿԳՄՍՆ-ից կրկնակի անգամ ավելի աշխատակիցներ ունեցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (աշխատակիցների թիվը 700 է) 20 ամիսների համար նախարարության աշխատակիցներին 3 հոդվածներով վճարել է 486.571.800 դրամ կամ քիչ ավելի, քան վճարել է ԿԳՄՍՆ-ն՝ 12 ամիսների համար՝ 357 աշխատակիցներին:
Ինչպես տեսնում ենք՝ ԿԳՄՍՆ-ն իր տարեկան պարգևավճարների մասով ռեկորդակիրների թվում է և այս ոլորտում մրցակցում է պարգևավճարների «հսկաների»՝ Ֆինանսների նախարարության (միջինացված թվով շուրջ 473 աշխատակիցներին նույն 20 ամիսների համար վճարել է 1.223.510.236 դրամ պարգևավճար), Արդարադատության նախարարության (300 աշխատակիցներին 20 ամիսների համար վճարել է 783.246.900 դրամ պարգևավճար) և այլոց հետ», գրել է կայքը:
Հետաքրքրական մեկ փաստ ևս. «ինչպես տեսանք՝ երեք նախարարությունների ընդհանուր աշխատավարձի ֆոնդը միասին վերցրած 2018 թ. 8 ամիսների համար կազմում էր 1.500.590.900 դրամ, որը ողջ տարվա համար կազմում է շուրջ 2.250.886.350 դրամ։ 2019 թ. ԿԳՄՍՆ-ի աշխատավարձի ֆոնդը կազմել է 1.754.225.600 դրամ կամ կրճատվել է շուրջ 496.660.750 դրամով։ Այստեղ ևս պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի ֆոնդը կրճատվել է կոնկրետ ԿԳՄՍՆ-ի համար, քանի որ այդ գումարը, այսպես թե այնպես, պետական բյուջեից աշխատավարձի տեսքով շարունակել է վճարվել միավորման արդյունքում այլ աշխատանքի տեղափոխված շուրջ 279 և կադրերի ռեզերվում գրանցված 17 քաղաքացիական ծառայողներին (ՀՀ վարչապետի աշխատակազմից Yerkir.am-ի մեկ այլ նամակին ի պատասխան՝ 03.02.2020 թ. նամակով հայտնել են, որ ԿԳՄՍՆ-ում կրճատվել է ընդամենը 12 հաստիքային միավոր, որից 5-ը՝ քաղաքական պաշտոն, 7-ը՝ հայեցողական)։ Հետևաբար՝ աշխատավարձի ֆոնդը տնտեսվել է միայն վերոհիշյալ 12 հաստիքների մասով, ինչը, խոստովանենք, կազմում է ոչ այնքան մեծ թիվ»։
Երեք նախարարություններին, ըստ կայքի, 2018 թվականի 8 ամսվա համար վճարվել է պարգևավճար 172.887.280 դրամ, որը 12 ամսվա համար կկազմի միջինը 259.330.920 (172.887.280 : 8 x 12): Նախարարությունների միավորումից հետո՝ 2019 թ. համար ԿԳՄՍՆ-ի 1 տարվա պարգևավճարի թիվը ավելացել է 196.878.054 դրամով (456.208.974 – 259.330.920)՝ կազմելով 456.208.974 դրամ։
«Ի՞նչ է ստացվում. Փաշինյանը, հանրության աչքին թոզ փչելով՝ հայտարարեց, որ նախարարություններում կան անիմաստ հաստիքներ, և իրենք, կրճատելով նախարարությունների թիվը և միավորելով դրանք, խնայում են բյուջեն և անցում կատարում առավել արդյունավետ կառավարման մոդելի։ Փաստորեն՝ միավորման արդյունքում 308 աշխատակցի կրճատման (ինչպես նշեցինք՝ 12 հաստիք կրճատվել է ընդհանրապես, 296-ը՝ ԿԳՄՍՆ-ից տեղափոխվել են պետական այլ աշխատանքի) պայմաններում՝ ԿԳՄՍՆ-ի պարգևավճարի ֆոնդը ավելացել է 196.878.054 դրամով։ Աբսուրդ է, բայց փաստ:
Իսկ գլոբալ առումով՝ փաշինյանական թիմի կողմից իրականացված միավորումների, օպտիմալացումների կամ «բարեփոխումների», իսկ իրականում՝ ֆոկուսների արդյունքում ոչ թե թեթևացել է պետական բյուջեի վրա ընկած բեռը, այլ ճիշտ հակառակը, այն աճել է պատկառելի գումարով (մոտ 200 մլն դրամ` մինուս 12 հաստիքի տարեկան աշխատավարձ չափով):
Փաշինյանական իշխանությունները, իհարկե, կարող են այս ամենի համար նշել, որ նախորդ իշխանությունների համեմատ իրենք տարեկան գրեթե 200 մլն դրամ ավելի պարգևավճար են շռայլել, քանի որ ԿԳՄՍՆ-ն արտառոց ծրագրերով զարկ է տվել հայ մշակույթի, կրթության և սպորտի զարգացմանը։ Այդուհանդերձ՝ փաստենք, որ, բոլոր այն նորարարությունները, հաջողությունները կամ առաջընթացը, որոնց ականատես է եղել հանրությունը, ընդհանուր առմամբ նախորդ նախարարների օրոք մեկնարկած լայնածավալ ծրագրերի՝ իներցիոն բնույթով իրականացման արդյունք են (փաստերը բազմաթիվ են, և դրանք բազմիցս մատնանշվել են նախորդ նախարարների կողմից)»։
Իրականում՝ տարեկան շուրջ 456.208.974 դրամ կամ ավելի քան 955.000 դոլար պարգևավճար (ամսական՝ 80.000 դոլար) «մսխող Արայիկ Հարությունյանի հիմնարկը իր գործունեությամբ աչքի է ընկել միայն հակազգային, հակամշակութային, հակապետական և քայքայիչ մի շարք «նորարարություններով», որոնք գիտակից հանրության շրջանում տեղիք տվեցին լրջագույն հուզումների»։
«Գիտությունների ազգային ակադեմիայի դերի նվազում կամ իսպառ վերացում, ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայագիտական առարկաների ուսուցման պարտադիր պայմանի վերացում, «ՀուԶանք ու Զանգ» հակազգային և հակամշակութային ներկայացման համար 2,7 մլն դրամի դրամաշնորհի տրամադրում, հասարակության և, հատկապես, նոր սերնդի համար չափազանց վտանգավոր, սեռափոխված, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, հայոց դրոշի և պետական խորհրդանիշերի վրա թքած, սպորտային աշխարհում ամոթալի վարքագիծ դրսևորած ոմն հանցագործի մասին պատմող «Մել» ֆիլմի համար 20 մլն դրամի հատկացում, Վրաստանի (Ջավախքի) հայկական դպրոցներին դասագրքերով ապահովման ծրագրի վերստին ձախողում՝ սա Արայիկ Հարությունյանի «ձեռքբերումների» ոչ ամբողջական շարքն է, ինչի համար էլ, մեծամտության և ամբարտավանության բարդույթներով տառապող սուպերնախարարի հիմնարկը նախարարությունների շարքում պարգևավճարների թվով առաջնային «պատվավոր» տեղերում է», գրել է yerkir.am-ը եւ հետգրություն թողել։
«Հ.Գ. Հակառակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրապարակային հայտարարության, թե նախարարության համակարգի բոլոր աշխատողներն ստանում են եռամսյակային լրավճարներ, ԿԳՄՍ նախարարության Լեզվի կոմիտեի աշխատակիցները 2019 թ. դեկտեմբերի 17-ին, 2020 թ. հունվարի 10-ին և փետրվարի 6-ին նամակներով դիմել էին վարչապետին՝ բարձրաձայնելով, որ կոմիտեի աշխատակիցները լրավճար չեն ստացել ո՛չ երրորդ, ո՛չ չորրորդ եռամսյակներում, չեն ստացել նաև, ինչպես ընդունված է ասել, 13-րդ աշխատավարձ։ Նրանք հայտնել էին նաև, որ Լեզվի կոմիտեի (նախկին Լեզվի տեսչության) գոյության ողջ ընթացքում նման բան չէր եղել 2003 թվականից։ ԿԳՄՍՆ-ում այսպիսի ճոխ պարգևավճարների պայմաններում նախարարությունը հրաժարվել էր անգամ տրամադրել կոմիտեի աշխատակիցների ամենամյա արձակուրդները և առաջարկել էր արձակուրդ գնալ «իրենց հաշվին»՝ պատճառաբանելով, թե գումարը հազիվ բավականացնում է աշխատավարձերին։
Ըստ Լեզվի կոմիտեի ունեցած տեղեկությունների՝ լրավճարների համար նախատեսված գումարը (միայն երրորդ եռամսյակինը շուրջ 4 միլիոն) դուրս է գրվել, սակայն կոմիտե չի հասել։
Այդպես էլ հրապարակային կերպով լուր չտարածվեց՝ տրվե՞լ են, արդյոք, կոմիտեի աշխատակիցների լրավճարները, թե՞ վերջիններիս «ձայնն այլ կերպ է լռեցվել», այդուհանդերձ, Yerkir.am-ի նամակին ի պատասխան, ԿԳՄՍՆ-ից գրավոր հայտնել են (պատասխանը կցվում է), որ 01.01.2018 - 31.12.2019 թթ. համար ՀՀ լեզվի կոմիտեի՝ մի քանի հոդվածներով գոյացող պարգևավճարների ֆոնդը կազմել է 33.822.900 դրամ, որից 18.953.500 դրամը` 2019 թ. համար։ Ի դեպ, ԿԳՄՍՆ-ի գլխավոր քարտուղարը նույն նամակով է տրամադրել նաև Լեզվի կոմիտեին 2020 թ. հատկացվելիք պարգևավճարների ֆոնդի մասին տեղեկությունը, ըստ որի՝ այն կազմում է 19.573.100 դրամ»։