Արտախորհրդարանական քաղաքական դաշտի հավասարակշռությունը կվերականգնվի, եթե դաշտում նոր ուժ ձևավորվի
Կորոնավիրուսային համավարակի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրությունը պարալիզացրել է նաև երկրի ներքաղաքական կյանքը: Ու չնայած խորհրդարանական ընդդիմությունը ձեռքերը ծալած չի նստել և հնարավոր բոլոր ուղղություններով ակտիվ գործունեություն է ծավալում, սակայն արտախորհրդարանական ըննդիմադիր թև այդպես էլ հնարավոր չեղավ ձևավորել: Պատճառը գուցե տեղաշարժվելու և հավաքներ անցկացնելու սահմանափակումներով է պայմանավոված, բայց արտախորհրդարանական քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի կարիքը գնալով աճում է: Տարեսկզբին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից քաղաքական ուժ ձևավորելու հայտն այս պահին դեռևս մնացել է անավարտ, բայց ամենայն հավանականությամբ արտակարգ իրավիճակի ավարտից հետո այն շարունակություն կունենա: Քաղաքական վերլուծաբանների կարծիքով երկար տարիներ երկրում իրական ըննդիմության բացակայությունը խախտել է քաղաքական դաշտի հավասարակշռությունը, իսկ իշխանափոխությունը հանգեցրեց քաղաքական քաոսի, որից դուրս գալ դեռևս չի հաջողվում: