Դուրս եկեք անցյալից, ձեզ ընտրել ենք ապագան կառուցելու համար. Թևան Պողոսյանը՝ ԱԺ պատգամավորներին
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում ԱԺ պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ուրիշների փոխարեն ներողություն խնդրելու համար ինձ մեկ անգամ չեն ծաղրել։ Ասում են` ներողություն խնդրելն ուժեղների հատկանիշ է, բայց թույլ տվեք մեկ այլ տեսանկյունից դիտարկել այս երևույթը։ Լավ է, երբ սխալ անելուց գիտակցում ես այն ու գիտակցում են ներողություն հայցելու անհրաժեշտությունը։ Բայց արդյո՞ք հասկացել ես ում ես վիրավորել և ումից պետք է ներողություն խնդրես։ Հաստա՞տ հասկացել ես ում ես վիրավորել, ինչ-որ կոնկրետ մեկի՞ն, ողջ հանրությա՞նը, գուցե անհասկանալի ու անշոշափելի մի միավորի՞, կամ միգուցե ինչ-որ արժե՞ք ես ոտնահարել։
Դժվար է հասկանալ, թե ինչ է մտածում անհատը, ով թիրախավորում է անհատի, բայց ներողություն է խնդրում հանրությունից, կամ երբ արհամարհում է ազգային արժեք, սակայն ներողություն է խնդրում միայն մեկից։ Ասում են՝ շատ թուրքեր ներողություն են խնդրում իրենց հարևան հայից, բայց ժխտում են հայ ազգի հանդեպ գործած իրենց հավաքական սխալի համար։ Չգիտեմ, թե երբ ենք սովորելու, որ եթե գիտակցել ես, թե քո ներողության հասցեատերն ով է, ու սխալն իր հանդեպ ես գործել, ապա նրանից էլ ներողություն պետք է խնդրել։
Բայց ամենագլխավորը. հանկարծ քաղաքական մշակույթ չդարձնեք իրար վրա հարձակվելն ու հետո հանրությունից ներողություն խնդրելը։ Դուք հանրությանն այլ բան եք խոստացել։ Վերհիշելու համար պարզապես վերընթերցեք ձեր նախնտրական ծրագրերը։ Ու սկսեք դրանք կյանքի կոչել։ Թե ինչ է եղել նախկինում, գիտենք արդեն ու բոլորս գիտենք, ձեզ ընտրել ենք ապագան կառուցելու համար։
Դուրս եկեք անցյալից։ Եթե այն լավը լինել, հիմա ԱԺ-ն դեռ 6-րդ գումարման խորհրդարանը կլիներ։
Ապագան պետք է կերտել բոլոր առումներով՝ քաղաքական մշակույթի, ծրագրերի, միասնականորեն արարելու տեսանկյուններից։
Հ.Գ. Ներողություն եմ խնդրում Անի Սամսոնյանից ու բոլոր այն կանանցից, ում իրենց քաղաքական գործունեության ընթացքում տղամարդիկ անձնական վիրավորանք են հասցրել։ Ներողություն...»: