Գերմանիայում միասեռկանությունը հիվանդություն անվանելու համար թուրք վիրաբույժը հեռացվել է աշխատանքից
Գերմանիայում թուրք վիրաբույժ Մեթին Չաքըրին հեռացրել են աշխատանքից՝ միասեռկանությունն ու տրանսսեքսուալիզմը հիվանդություն անվանելու համար։ Այդ մասին նա գրառում է արել Twitter միկրոբլոգի իր էջում, հայտնում է ermenihaber-ը:
Թուրք վիրաբույժը մասնավորապես գրել է․ «Որպես բժիշկ կցանկանամ հայտնել, որ միասեռականությունը և տրանսսեքսուալիզմը հիվանդություններ են»։
Սակայն կարճ ժամանակ անց ջնջել է գրառումը, քանի որ խիստ բացասական արձագանք է ստացել բազմաթիվ օգտատերերի, Կարլսրուե քաղաքի ԼԳՊՏ համայնքի անդամների կողմից։
Նշվում է, որ Չաքըրը 20 տարուց ավել որպես սրտի վիրաբույժ է աշխատում Գերմանիայի Կարլսրուե քաղաքի Հելիոս կլինիկայում։ Կլինիկայի ղեկավարությունը հայտնել է, որ վիրաբույժի վերոհիշյալ գրառումն անհամատեղելի է իրենց բուժհաստատության արժեքների հետ և որոշում է կայացվել Չաքըրին ժամանակավորապես հեռացնել աշխատանքից։