Դավիթ Տոնոյանը Արցախում Ջալալ Հարությունյանի հետ այցելել է մի շարք զորամասեր
Հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մայիսի 1-ից 2-ը աշխատանքային այցով ՊԲ-ում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Արցախի հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հյուսիսային ու կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, այցելել զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, հանդիպումներ ունեցել սպայական, պայմանագրային ու ժամկետային կազմի զինվորականների հետ: Աշխատանքային շրջայցի ընթացքում շոշափված հիմնական թեմաներից են եղել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդյունավետ կիրառման, արդիականացման և թիկունքային ապահովման համալիր խնդիրները:
Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության արդի մակարդակն ու այս համատեքստում մասնավորապես այն բոլոր միջոցառումների որակական ցուցանիշները, որոնք իրականացվում են ՊԲ-ում:
Աշխատանքային շրջայցի ընթացքում նաև ճշգրտվել են այն հետագա անելիքների առաջնահերթ ուղղությունները, որոնք առաջիկայում պետք է ընկած լինեն ռազմական համագործակցության օրակարգի հիմքում: