«Ժողովուրդ». Ավինյանն ուզում է, որ ԿԳՄՍ փոխնախարարը հեռանա աշխատանքից, Արայիկ Հարությունյանը դեմ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցանկանում է, որպեսզի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Գրիշա Թամրազյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացնի:
Ըստ մեր տեղեկությունների՝ փոխվարչապետի կարծիքով՝ Թամրազյանը լավ չի աշխատում, ինչի համար էլ պետք է հեռանա նախարարությունից: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թամրազյանի հեռանալուն դեմ է նախարար Արայիկ Հարությունյանը, քանի որ վերջինս կարծում է՝ իր գերատեսչության կադրերի մնալ-չմնալու հարցը ինքը պետք է որոշի:
«Ժողովուրդ» օրաթերթը օրեր շարունակ փորձում էր տեղեկությունը ճշտել Թամրազյանից, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»: