Իրավիճակից դուրս գալու ելք կարող է լինել ԱԺ նոր ընտրությունները. Աշոտյանը՝ Արցախի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. Politik.am
Արցախյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան բանակցությունների հետ կապված արած բացահայտումների եւ ներհայաստանյան քաղաքական կյանքի այլ իրողությունների մասին Politik.am-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։
Հարց․ Պարոն Աշոտյան ձեր գնահատմամբ ինչ է կատարվում Արցախի շուրջ։ Լավրովը հայտարարեց, որ քննարկվում է փուլային լուծման տարբերակ ու Հայաստանի իշխանությունները Փաշինյանի և Մնացականյանի բերանով ըստ էության հաստատեցին։
Պատասխան․ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, առաջին մտահոգությունը, որ հայտնել ենք Արցախի հարցում իր ոչ-կոմպետենտ, ոչ հստակ, ոչ թափանցիկ գործելաոճն է։ Այդ մտահոգություններն ամիս առ ամիս սկսեցին հաստատվել, քանի որ ակնհայտ էր, որ տեղի է ունենում գործընթաց, որը շահեկան չէ Հայաստանի եւ Արցախի համար։ Սակայն այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում էր հայ հասարակությանը կերակրել կենացային մակարդակի, իրական դիվանագիտությունից հեռու, գնալով ավելի վտանգավոր դարձող ձեւակերպումներով, որոնք վկայում էին այն մասին, որ Հայաստանի գործող վարչապետը մի կողմից չի պատկերացնում խնդրի ողջ լրջությունը եւ էությունը, մյուս կողմից շարունակում է պոպուլիզմ դրսեւորել նաեւ արտաքին քաղաքականության մեջ, Արցախյան հարցի նման կարեւոր հարցով։ Այս համատեքստում Լավրովի հայտարարությունը բացարձակ անակնկալ չէր, քանի որ մերկացրեց Արցախի շուրջ ընթացող գործընթացների ողջ էությունը, եւ փաստացի Հայաստանի գործող իշխանություններին դեմ տվեց պատին եւ բացահայտեց այս իշխանությունների՝ ներսում եւ դրսում տարբեր բովանդակություն հրամցնելու վտանգավոր խաղերը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը խոսել է ոչ միայն իր անունից, այլ նաեւ կարծեք թե համանախագահ երկրների անունից, որովհետեւ Լավրովի հայտարարությունը չհերքվեց ոչ միայն Փաշինյանի եւ Զոհրաբ Մնացականյանի կողմից, ավելին, փաստացի հաստատվեց, այլ նաեւ լուռ համաձայնություն ստացավ նաեւ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների կողմից։ Լավրովը բացահայտեց, որ կան բանակցություններ, կա փաստաթուղթ, ավելին, դա փուլային լուծում է ենթադրում, որը ամենից ոչ հայանպաստ լուծումն է, եւ Նիկոլ Փաշինյանը երեկ երեք անգամ անդրադառնալով խնդրին, երեք անգամ էլ տարբեր բառախաղեր ու աճպարարություններ անելով հաստատեց, որ Լավրովը ճիշտ էր, իսկ ինքը ստում էր։
Հարց․ Տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում մենք արձանագրել ենք այն հակասությունները, որոնք կան Փաշինյանի խոսքում Արցախի խնդրի մասով։ Ինչու է վարչապետն ասում, որ բանակցություններ չկան, սեղանին փաստաթուղթ չկա, իսկ հետո ստիպված ընդունում է, որ և բանակցություններ կան և կա քննարկվող փաստաթուղթ։
Պատասխան․ Նիկոլ Փաշինյանի պահվածքը երեկ ԱԺ-ում շատ մտահոգիչ էր, որովհետեւ չունենալով բովանդակային որեւէ անդրադարձ, որեւէ փաստարկ, նա դիմեց այնպիսի հռետորաբանության, որ ինչ կուզեմ դա էլ կանեմ, ինչ կուզեմ, դա էլ կբանակցեմ։ Այստեղ պետք է ջանք գործադրել, որպեսզի վարչապետին քաղաքակիրթ պատասխան տալ, քանի որ առաջին մտքերը որ գալիս են նման պահվածքի գնահատականների համար, ցենզուրայից դուրս են։ Դրան գումարեք նաեւ այն հանգամանքը, որ ժողովուրդը չի տվել Նիկոլ Փաշինյանին Արցախի հարցով բանակցելու մանդատ, եւ Ալիեւի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հերթական ռեւերանսները կատարվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակաբար արժեզրկում է Հայաստանի դիրքերը բանակցությունների ընթացքում, երբ ամբողջ ադրբեջանական քարոզչական դաշտը միտված է նրան, որ Հայաստանին հանեն մեղավոր կողմ բանակցությունների տապալման համար, երբ ադրբեջանական մամուլը հեղեղված է Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանին վիրավորող վերլուծականներով, եւ այս ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանի երեկվա ռեւերանսները պարզապես անհասկանալի են։ Լավ տղերք, դուք կարող է թասիբ չունեք եւ կարող է մարսեք Ադրբեջանի եւ Ալիեւի վերաբերմունքը ձեր նկատմամբ, բայց երկիրը եւ ժողովուրդը հո թասիբ ունի։ Ձեր պատվին չեք կարողանում դրսում տեր կանգնել, բայց երկրի պատվին տեր կանդնել հո պարտավոր եք։ Իսկ եթե չեք կարողանում տեր կանգնել դրսում երկրի պատվին, գնացեք, գնացեք քանի դեռ ուշ չէ եւ մի խաղացեք Հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի պատվի հետ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում