Նոր Զելանդիայի վարչապետին սոցիալական հեռավորության կանոնների պատճառով թույլ չեն տվել ռեստորան մտնել
Նոր Զելանդիայի վարչապետին թույլ չեն տվել ռեստորան մտնել՝ սոցիալական հեռավորության կանոնների պատճառով, հայտնում է AP-ը:
Վարչապետ Ջասինդա Արդերնը եւ նրա փեսացու Քլարք Հեյֆորդը ցանկացել են ճաշել Olive ռեստորանում՝ երկու օր անց այն բանից, երբ երկիրը մեղմացրել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բազմաթիվ սահմանափակումներ: Այնուամենայնիվ, դեռեւս գործող կանոնների համաձայն, անհրաժեշտ է, որ սրճարաններում եւ ռեստորաններում սեղանները լինեն առնվազն 1 մետր հեռավորությամբ: Շատ ռեստորաններում տեղերի քանակը սահմանափակ է, որպեսզի կարողանան հետեւել կանոններին։
«Ես պետք է իմ վրա վերցնեմ պատասխանատվությունն այն բանի համար, որ նախապես տեղ չէի ամրագրել: Շատ հաճելի էր՝ փողոցում հասան մեր հետեւից, երբ տեղ ազատվեց: Հինգին գումարած ծառայություն»,- Twitter-ում գրել է վարչապետի փեսացուն։
Արդերնին շատ են գովել համավարակին նրա արագ եւ վճռական արձագանքի համար: Նոր Զելանդիան մարտին փակել է իր սահմանները եւ խիստ կարանտին սահմանել, երկիրը զգալի հաջողության է հասել վիրուսի ոչնչացման հարցում: Առողջապահության մարմինները վերջին հինգ օրվա ընթացքում հաղորդել են միայն մեկ նոր դեպքի մասին: Երկրում հաստատվել է վարակման 1498 դեպք, այդ թվում` 21 մահ:
Երկրի բնակչությունը 5 միլիոն է: