Ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանն իրավիճակը շտկելու և միևնույն ժամանակ սեփական դեմքը չկորցնելու համար
Բարեկամական խորհուրդ ՀՀ իշխանություններին։
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ծանր գին ունեցավ իշխանության համար երկու պատճառով.
- Տարված լինելով «Այո»-ի քարոզով, նրանք կորցրեցին կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելու բացառիկ հնարավորությունը, և
- Փաշինյանի վարկանիշի անկման պայմաններում հանրաքվե անելը հավասարազոր է իշխանության անվերապահ կապիտուլիացիայի։
Հանրաքվեն հետաձգելու նպատակով ՀՀ կառավարությունը երկարաձգեց Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը, ինչը, հասկանալի պատճառներով, երկար շարունակվել չի կարող։
Իրավիճակը շտկելու և միևնույն ժամանակ սեփական դեմքը չկորցնելու համար Փաշինյանը պետք է խնդրի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանության գնահատման նպատակով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։
Արդյունքում կպահպանվի ՀՀ Սահմանադրության պահանջը, իսկ իշխանությունը կստանա լեգալ և լեգիտիմ հիմք հանրաքվեն չեղարկելու համար։
Այս լուծման միակ անցանկալի հետևանքը իշխանության համար կլինի ՀՀ Սահմանադրական դատարանի լեգիտիմության ճանաչելը, բայց սա կլինի նվազագույն կորուստը։
Մնացած բոլոր լուծումները իշխանության համար կլինեն կործանարար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: