«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը՝ նույն վայրում. Թեժ քննարկումներ կան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու են նաեւ Հայաստանի իշխանությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս այդ օրը Արցախում է լինելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն Արցախից հրավեր են ուղարկել ՀՀ ԱԺ-ից՝ մասնակցելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, նախագահի երեք տեղակալներին, ինչպես նաեւ խորհրդարանում գործող հանձնաժողովի նախագահներին: Ըստ մեր տեղեկությունների, որոշում կա, որ Արցախ կմեկնեն նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները:
Այս օրերին իշխանությունների ներսում թեժ քննարկում է իրականացվում այն մասով, թե կոնկրետ քանի անձ պետք է մեկնի Արցախ՝ երդմնակալության արարաղությանը մասնակցելու համար, քանի որ վիրուսի տարածումից խուսափելու համար՝ ամեն ինչ արվում է սակավաթիվ մարդկանց Արցախ «ուղարկելու» ուղղությամբ:
Ըստ մեր տեղեկությունների, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Արցախ է մեկնելու միայն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը՝ Նաիրա Զոհրաբյանը Արցախ չի մեկնելու աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով: Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արցախում այդ օրը կլինի խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ թե պատգամավորներից ով կմեկնի նրա հետ, դեռևս քննարկվում է»: