Հարգելի հաջորդ իշխանության ներկայացուցիչներ, համակարգն արատավորող աննադանիբեկյանները, արտուշգաբրիելյանները, արմենդանիելյանները պիտի հեռացվեն, անգամ եթե պատրաստ լինեն խաչել Փաշինյանին. Ա. Հովհաննիսյան
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ««Հեղափոխության» թանգարանի ոսկե հավաքածու 2018-2020» վերտառությամբ գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ անընդհատ պատմելով վատ դատավորների մասին՝ իշխանությունը երկու տարվա ընթացքում ունակ չեղավ կոնկրետ մեկի վրա ապացուցել որևէ խախտում: Գրառումը՝ ստորև.
«Այսօր մի աչքալուսանք տեղեկություն ստացվեց, որ Փաշինյան Նիկոլի ձեռնասուն հերթական դատավորը կունենա առաջընթաց, մասնավորապես` Արտուշ Գաբրիելյանը կնշանակվի Արմավիր մարզի դատարանի նախագահ: Կարծում եմ` ադեկվատ և տեղեկացված հանրությունը կարիք չունի բացատրության, թե ինչու հենց նա ու հատկապես որ ծառայության համար պիտի ունենա այս առաջխաղացումը:
Միևնույն ժամանակ էլ տեղեկացանք, որ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը հետ վերցրեց վերաքննիչ բողոքը` իմանալով, որ գործը մակագրվել է Արմեն Դանիելյանին: Դե այն նույն դանիելյանին, որից սեփական որդու դեմ դատավճիռ ակնկալելն ավելի բնական է, քան անգամ ոչ քաղաքական դատավարությունների դեպքում օրենքին համապատասխան դատավճիռ: Կարծում եմ՝ մեր բոլորի այսօրը կամբողջանար, եթե մի լուր էլ ստանայինք Աննա Դանիբեկյանից:
Կարծում եմ` «հեղափոխության» թանգարան կոչեցյալում սելֆիի ձողիկի, գլխարկի ու ուսապարկի կողքին իրենց արժանի տեղը պետք է զբաղեցնեն Արտուշ Գաբրիելյանը, Աննա Դանիբեկյանը և Արմեն Դանիելյանը: Նրանք վաստակել են: Հիրավի վաստակել են: Բացի այդ, կարծում եմ կառավարությունը պետք է անհապաղ վերջին երկուսի համար ևս առաջխաղացում նախատեսի:
Հատկապես` Արմեն Դանիելյանին: Վճռաբեկ դատարանի նախագահ կամ ԲԴԽ նախագահ: Պատկերացնու՞մ եք, միայն անունդ այնպես ու այնքան ասոցացվի ապօրինություն, տգիտություն, անարդարություն, «դահիճ» ու այլ հոմանիշ բառերի հետ, որ փաստաբանները փախչեն, ինչպես ժանտախտից: Սա եզակի երևույթ է: Եվ իհարկե, լինես այնքան «ճանաչված» էլեկտրոնային համակարգի կողմից, որ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված բողոքները լրիվ «պատահական» կերպ ընկնեն քեզ մոտ: Չէ՞ պարոն Վարդազարյան: Դուք լրիվ անտեղյակ եք, չէ՞:
Իսկ հիմա ավելի լուրջ`հարգելի հաջորդ իշխանության ներկայացուցիչներ,
Հիշե՛ք, աննադանիբեկյանները, արտուշգաբրիելյանները, արմենդանիելյանները և դատական համակարգը արատավորող մյուս պերսոնաժները պիտի հեռացվեն: Անգամ եթե` իրենք պատրաստ լինեն խաչել Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանության ներկայացուցիչներին, սրանց տեսակը պիտի արմատախիլ արվի, վերացվի: Սրանց նմաններին պահելը Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մեծագույն սխալներից է եղել: Նիկոլ Փաշինյանն էլ խորացրեց, էլ ավելի այլասերեց սրանց պախարակելի տեսակը, բայց մի լավություն արեց` հստակ գնահատական տվեց նրանց` ՎՆԳՍՏԱՑՈՂ:
Անընդհատ պատմելով վատ դատավորների հեքիաթը, իշխանությունը երկու տարվա ընթացքում ունակ չեղավ կոնկրետ մեկի վրա ապացուցել որևէ խախտում, փոխարենը մոդայիկ դարձրեց սրանց տեսակը:
ՀՀ ադեկվատ, կիրթ ու խելացի քաղաքացին պիտի պայքարի սրանց դեմ: Սրանք հայհոյող, վախկոտ, անդիմագիծ ֆեյքից վատն են: Սրանք Հայաստանի ապագան ստվերող կարևոր գործոններից են: Սրանց տեսակի դեմ պայքարը պիտի միավորի անգամ հակադիր կողմերում գտնվողներին։
Հ.Գ. Անհամբեր սպասում եմ տարիներով դատական համակարգի անկախության մասով զեկույցներ գրած, դրամաշնորհներ ստացած իրավապաշտպանների, փաստաբանների արձագանքին այս հնարավոր նշանակման մասով»: