«Հանրաքվեի մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց
Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովը երկրորդ ընթեցրմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը:
Նախագծին կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ականները դեմ քվարկեցին, ԼՀԿ-ականները չմասնակցեցին քվեարկությանը:
Նախագիծն ընդունվեց 82 կողմ, 17 դեմ ձայներով:
Նախաձեռնության հեղինակի խոսքերով, փոփոխության նպատակն օրենսդրական բացերի վերացումն է: Նշվել է, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում նշանակված, բայց ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո անցկացնելու ընթացակարգը, ուստի սահմանվում է, որ եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով և 12 ժամվա ընթացքում ԿԸՀ-ը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ: Խնդրի կարգավորման նպատակով առաջարկվում է կատարել նաև այլ փոփոխություններ:
Առաջարկվում է 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի: Սահմանվում են նաև կասեցված հանրաքվեն վերսկսելու կարգավորումները:
Սահմանվում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի կասեցված գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով: