Չինաստանը նախապատրաստում է դոլարի թվային մրցակցին՝ մարտահրավեր նետելով ԱՄՆ-ին. «Նեզավիսիմայա գազետա»
Մինչ աշխարհը փորձում է հաղթահարել կորոնավիրուսային համավարակի ծանր հետևանքները, Չինաստանը փորձարկում է սեփական թվային արժույթը, որը հեռանկարում կարող է դուրս մղել դոլարային հաշվարկները:
Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն՝ նկատելով, որ ԱՄՆ-Չինաստան դիմակայության նոր շրջանում թվային արժույթի առկայությունը որոշ երկրներին հնարավորություն կտա փոխադարձ հաշվարկներն իրականցնել առանց ամերիկյան պատժամիջոցների մասին անհանգստության: Խոսքը, օրինակ, Իրանի մասին է, որը կկարողանա դոլարային միջազգային վճարային համակարգերից խուսափելով վճարումներ անել:
Աղբյուրը գրում է, որ, ըստ փորձագետների, Չինաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում թվային արժույթ՝ մարտահրավեր նետելով ԱՄՆ-ին: Ներկայում Պեկինը փորձարկում է թվային յուանը, որի պաշտոնական գործարկումը, ըստ փորձագետների, սպասվում է այս տարվա վերջից ոչ ուշ:
Աղբյուրը նկատում է, որ Չինաստանը թվային արժույթի միջոցով համաշխարհային ֆինանսական շուկաների վրա իր ազդեցության ընդլայնման բազում հնարավորություններ ունի: Սեփական թվային արժույթի կիրառումը Չինաստանին թույլ կտա բիզնեսի վարման հարցում գրեթե ամբողջովին շրջանցել դեպի ԱՄՆ-ն կողմնորոշված գործող ֆինանսական համակարգը:
Ավելի վաղ Deutsche Bank-ի փորձագետները կանխատել էին, որ համավարակը կարագացնի երկների՝ թվային արժույթին անցման գործընթացը: Մինչդեռ Չինաստանի համար դա առավել արդիական է՝ հաշվի առնելով Պեկին-Վաշինգտոն առևտրային և տեխնոլոգիական դիմակայության նոր փուլը: