Սահակաշվիլին վրացական ընդդիմությանը կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններում միասնական թեկնածուներ առաջադրել
Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել երկրի առաջիկա խորհրդարանական ընտրություններում միասնական թեկնածուներ առաջադրել, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Այս մասին Սահակաշվիլին հայտարարել է Facebook-ի իր տեսաուղերձում:
Սահակաշվիլին միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցությանը իշխանությունից քվեարկությամբ հեռացնելը համարում է «այլըտրանք չունեցող» ելք: Միաժամանակ, նա ասել է, որ «դժվար է նման ռեժիմների դեմ առանց ընդհանուր ջանքերի պայքարել»:
Նախկին նախագահը ողջունել է միամանդատ ընտրատարածքներում միասնական թեկնածուների շուրջ ընդդիմության շարունակական խորհրդակցությունները: Միաժամանակ, նա կոչ է արել «Վրացական երազանք»-ի ընդդիմախոսներին ուժեղացնել համախմբման եւ «թեկնածուների մեկ մեծ ցուցակ» ստեղծելու ջանքերը։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր կուսակցությունները կպայքարեն միասնական թեկնածուների հաղթանակի համար, ինչպես միամանդատ, այնպես էլ բազմամանդատ տեղամասերում:
Նա հավելել է, որ նման ցուցակում տեղերի բաշխումը իր համար մեծ նշանակություն չունի: Այնուամենայնիվ, Սահակաշվիլին առաջարկել է հերթական համարները որոշել «ըստ կուսակցությունների վարկանիշի եւ աջակցության»:
«Ես պատրաստ եմ քննարկել այս ուղղությամբ բոլոր հնարավոր առաջարկները: Հուսով եմ, որ քննարկումը կսկսվի, եւ մենք, անպայման, որոշ արդյունքների կհասնենք»,- ասել է նա: