Ղրիմում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման երկու անդամներ․ ntv.ru (տեսանյութ)
Ղրիմում ձերբակալվել են Ստավրոպոլի երկու բնակիչ, որոնք մասնակցել են Դաղստանի հանրապետության վրա 1999 թվականին ահաբեկչական հարձակմանը: Այս մասին հաղորդել են երկրի ԱԱԾ֊ի հասարակայնության հետ կապերի կենտրոնից:
«Ռուսաստանի ՆԳՆ-ի հետ համագործակցությամբ՝ Սուրթլանբեկ Աժինյազովը և Ռուսլանբեկ Արսլանովը ձերբակալվել և տեղափոխվել են նախաքննական մարմին: Մոտ ժամանակներս նրանց մեղադրանք կառաջադրվի Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով։ Խափանման միջոց ընտրելու հարցը քննվում է»,- ասվում է ԱԱԾ֊ի հայտարարության մեջ: Ըստ այդ հայտարարության՝ 1999-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Դաղստանի հանրապետության վրա Բասաևի և Խաթաբի խմբավորումների հարձակման ընթացքում սպանվել է ավելի քան 280, վիրավորվել՝ ավելի քան 800 մարդ: Զգալի վնաս է պատճառվել նաև հանրապետության տնտեսությանը: