Իշխանությունները մինչև ուշ գիշեր համոզել են Մարուքյանին. ինչ սպասել այսօր. ուշագրավ զարգացումներ. «ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ի վերջո ստորագրեց օրենքների փաթեթը, որով սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար իր ստորագրությունն անհրաժեշտ չէ եւ բավարար է, որ Ազգային ժողովի կայքում հրապարակվի այդ մասին: Եվ ահա, սահմանադրական փոփոխություն կատարելու մասին նախագծում ամրագրված է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: Այսինքն, եթե անգամ Արարատ Միրզոյանն այն այսօր ստորագրի, այն ուժի մեջ կմտնի միայն վաղը` հունիսի 25-ին: Եվ հենց այստեղ է թաքնված ինտրիգը:
Բանն այն է, որ ԲՀԿ-ն նախաձեռնել է ստորագրահավաք ՍԴ դիմելու համար, ունի 25 ստորագրություն եւ պակասում է երկու պատգամավորի ստորագրություն եւ դիմել են ԼՀԿ-ին: Եվ ահա, եթե անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքվեն եւ այսօր դիմումը մուտք արվի ՍԴ, ապա օրենքի դրույթների տարածումը կկասեցվի` մինչեւ ՍԴ-ի կողմից այն քննարկելը: Այսինքն, հենց այս կազմով ՍԴ-ի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է, որ ընդդիմադիր ԼՀԿ-ն տվել է իր համաձայնությունը եւ այսօր կհայտարարեն այդ մասին ասուլիսի ժամանակ: Սակայն նկատենք, որ մինչեւ նախագահ Սարգսյանի կողմից այն ստորագրելն իշխանությունների ներկայացուցիչները փորձել են համոզել Մարուքյանին չդիմել ՍԴ, սակայն մեր տեղեկություններով այդպես էլ չեն կարողացել: Սակայն ամեն ինչ ավարտված չէ, եւ միգուցե մինչեւ ասուլիսը փոփոխություններ լինեն»: